Սուրճն իսկապես մարդուն օգնում է առույգանալ, չնայած նեյրոֆիզիոլոգիայի տեսակետից ուղեղի վրա դրա ազդեցությունն իրականում ոչ թե ակտիվացնող է, այլ «հակաարգելակային»: Այս մասին «Ինչպե՞ս տեսնել կենդանի ուղեղը» թեմայով առցանց քննարկման ժամանակ հայտնել է նեյրոկենսաբան, ճառագայթային ախտորոշման բժիշկ Աննա Խորուժայան:
«Մեր նյարդային համակարգում կա 2 հիմնական հեղուկ՝ իհարկե, պայմանականորեն «հեղուկ», նեյրոմեդիատորների 2 հիմնական տեսակ. նյութեր, որոնք մի նյարդային բջջից մյուսին փոխանցում են տեղեկություն: Նյարդային բջիջներն ինքնին փոխանցում են էլեկտրական իմպուլս, բայց մյուսին անցնելու համար այն պետք է մշակվի ինչ-որ համարժեք քիմիական նյութում: Այդ նյութերը 2 տեսակի են՝ «ակտիվացնող» հեղուկներ եւ «արգելակող» հեղուկներ: «Արգելակող» հեղուկներն այնքան էլ շատ չեն, եւ ադենոզինը դասվում է այդպիսի հեղուկներին: Կան յուրահատուկ ռեցեպտորներ, եւ այն ազդելով այդ ռեցեպտորների վրա՝ բջջին ստիպում է «լռել»: Այս նեյրոմեդիատորը նաեւ անվանում են հոգնածության նեյրոմեդիատոր, այսինքն՝ այդ պահին մենք հոգնածություն ենք զգում, քնկոտություն: Ի՞նչ է անում սուրճը, ավելի ճիշտ՝ կոֆեինը: Կոֆեինը միանում է այդ ադենոզինային ռեցեպտորին, այն այդտեղից դուրս է քշում ադենոզինը եւ նրան թույլ չի տալիս արգելակել նյարդային բջիջը: Այսպիսով, մենք հոգնածություն չենք զգում, մենք կարող ենք առույգանալ, կարող ենք կենտրոնանալ եւ մի փոքր ավելի լավ կատարել մեր ամենօրյա գործողությունները եւ առավոտից առույգանալ»,- ասել է Աննա Խորուժայան:
Ըստ նրա՝ սուրճը ոչ միայն «հակաարգելակային» ազդեցություն ունի, այլեւ, շնորհիվ իր պարունակած նյութերի (բույսերի պոլիֆենոլներ, տարբեր թթուներ եւ այլն), պաշտպանում է ուղեղը նեյրոդեգեներատիվ հիվանդություններից: Բազմաթիվ ուսումնասիրություններ, ըստ մասնագետի, ցույց են տվել, որ եթե երկար ժամանակ օրական 1-2 բաժակ սուրճ խմել, ապա մարդն ավելի պաշտպանված կլինի նեյրոդեգեներատիվ հիվանդություններից, ինչպիսին են Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդությունները, քանի որ սուրճի մեջ պարունակվող նյութերը թույլ չեն տալիս պաթոլոգիական սպիտակուցներ կուտակել ուղեղում, որոնք էլ հանգեցնում են այս հիվանդություններին:
Ավելին՝ սուրճը, փորձագետի կարծիքով, խթանում է դոֆամինի արտադրությունը՝ մոլեկուլ, որը պատասխանատու է հաճույքի, մոտիվացիայի համար, «ստիպում է» մեզ ինչ-որ բան անել:
Ինչ վերաբերում է սուրճի բացասական հետեւանքներին, ապա, մասնագետի կարծիքով, դրանք սովորաբար կապված են չափից մեծ չափաբաժնի հետ: Այդպիսի դեպքերում հաճախակի ախտանիշներ են ձեքերի դողը, սրտի կծկումների արագացումը, ճնշման բարձրացումը եւ այլն: