Աղմուկը ուժգին ֆիզիկական ազդեցություն է գործում մեր ուղեղի վրա՝ հարուցելով սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացում:
Այս մասին տեղեկացնում է lifter.com.ua-ն:
Ինչ-որ պահի մեզնից յուրաքանչյուրը սկսում է գնահատել լռությունը: Այն սփոփիչ է, հարմարավետ ու չափազանց արդյունավետ: Լռությունը մեզ ոգեշնչում է, կոփում է միտքը, մարմինն ու հոգին:
Միևնույն ժամանակ աղմկոտ աշխարհի խելահեղությունն ազդում է նյութափոխանակության վրա, դանդաղեցնում թթվայնացման պրոցեսները, հարուցում գրգռվածություն և ագրեսիա:
Գիտությունը պնդում է, որ լռությունը կարող է լինել հենց այն, ինչ մեզ պետք է, որ վերականգնենք մեր քայքայված ուղեղն ու մարմինը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղմուկը ուժգին ֆիզիկական ազդեցություն է գործում մեր ուղեղի վրա՝ հարուցելով սթրեսի հորմոնների մակարդակի բարձրացում: Ձայնը ականջների միջոցով տեղափոխվում է ուղեղ՝ ինչպես էլեկտրական ազդանշան:
Նույնիսկ, երբ մենք քնում ենք, այդ ձայնային ալիքները օրգանիզմին ստիպում են արձագանքել ու ակտիվացնել ուղեղի՝ հիշողության ու էմոցիաների հետ կապված մի հատվածը, ինչը հանգեցնում է սթրեսի հորմոնների ազատագրմանը: Այդպիսով, կյանքը անընդհատ աղմկոտ միջավայրում՝ նշանակում է՝ այդ վնասակար հորմոնների մշտական բարձր մակարդակ:
Աղմուկը կապում են արյան բարձր ճնշման, սրտային հիվանդությունների, ականջներում աղմուկի ու քնի կորստի հետ: Չափից շատ աղմուկը կարող է ֆիզիկական զգացողությունների լուրջ գրգռիչ հանդիսանալ, և այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց դիրքավորում՝ որպես շատ զգայուն ու քաոտիկ և աղմկոտ միջավայրում գործունեություն կատարելու անկարող անձինք:
Բայց այժմ կան ոչ միայն ապացույցներ, որ աղմուկը ցավ է պատճառում, այլև, որ լռությունն ամոքում է:
Լռության էֆեկտը
2011թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եկավ այն եզրակացության, որ Արևմտյան Եվրոպայի 340 միլիոն բնակիչներ ամեն տարի 1 միլիոն տարի առողջ կյանք են կորցնում աղմուկի պատճառով: ԱՀԿ-ն նաև ասել է, որ սրտանոթային հիվանդությունների 3000 դեպքի առաջնային պատճառը կապված է չափից առավել աղմուկի հետ:
Աղմուկը սթրես է հարուցում և վտանգավոր է մարդու համար:
Գիտնականները չեն ուսումնասիրել լռությունը, ու նրա առավելությունները պատահաբար են հայտնաբերել:
Բժիշկ Լուչանո Բերնարդին աղմուկի և երաժշտության ֆիզիոլոգիական էֆեկտները հայտնաբերել է 2006թ.՝ ցնցող բացահայտում կատարելով: Դրա հիմնական արդյունքներից մեկն այն էր, որ լռությունն ուժեղանում է կոնտրաստներով:
Ուղեղը ճանաչում է լռությունն ու արձագանքում դրան
Շատ ուսուցիչներ ու մեդիտացիայի վարպետներ գիտեն այդ մասին ու խորհուրդ են տալիս հաճախակի մեդիտացիոն ընդմիջումներ հայտարարել օրվա ընթացքում: Թեպետ մենք կարող ենք լռության մասին մտածել՝ որպես ինֆորմացիայի անբավարարության մասին, սակայն գիտությունն այլ բան է ասում: Ուղեղը հզոր կերպով է արձագանքում լռությանը:
Երբ դուք գտնվում եք լռության մեջ, ուղեղը կարող է «վերականգնել» իր ճանաչողական ունակություններից մի քանիսը:
Մենք անընդհատ մշակում ենք ինֆորմացիայի ահռելի քանակություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում մեր պրեֆրոնտալ կեղևի վրա, որն ուղեղի՝ որոշումների կայացման, խնդիրների լուծման համար պատասխանատու հատվածն է:
Երբ մենք ժամանակ ենք անցկացնում միայնության ու լռության մեջ, մեր ուղեղն ունակ է թուլանալ ու ուղեղի այդ հատվածին հանգստանալու հնարավորություն տալ: Լռության մեջ մենք նաև ավելի լավ ենք վերամշակում ինֆորմացիան: Մենք կարող ենք վերլուծել մեր կյանքը ու տեսնել այն հեռանկարները, որոնք կենսականորեն կարևոր են մեր հոգեկան բարեկեցության համար:
Լռությունը հանում է սթրեսն ու լարվածությունը
Լռությունը լրացնում ու սնում է մեր ճանաչողական ռեսուրսները: Աղմուկը մեզ ստիպում է կորցնել կոնցենտրացիան, ճանաչողական ունակություններն ու նվազեցնում է մոտիվացիան ու ուղեղի աշխատանքը:
Սակայն լռության մեջ անցկացրած ժամանակը կարող է զարմանալի կերպով վերականգնել այն, ինչը կորսված է եղել չափից առավել աղմուկի պատճառով:
Պարզ լռությունն ամոքիչ բալզամ է, որը մեզ շատ է անհրաժեշտ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը