Պուշկինն ի՞նչ առիթով է չերքեզի բերանով ասում «Ты трус, ты раб, ты армянин» խոսքերը
Advertisement 1000 x 90

Պուշկինն ի՞նչ առիթով է չերքեզի բերանով ասում «Ты трус, ты раб, ты армянин» խոսքերը

ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-ից առաջ –մի խրթին հարցի մեկնություն

Իմ լավ ընկեր Խոնարհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությանը:

Ես Խոնարհին խոստացել էի այդ խրթին հարցի հետ կապված որոշ մանրամասներ զետեղել իմ էջում:

Ահավասիկ:

Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» տողի մեջ պետք չի գտնել վիրավորանք՝ այն համարելով հանդիմանություն հայերին: Այդպես մտածողները չեն կարդացել «Տազիթ» պոեմն ամբողջովին, հետեւաբար չեն էլ կարող ըմբռնել արտահայտության իսկական իմաստը։

Ժամանակին բանաստեղծ, թարգմանիչ, իրավաբան Ռաֆայել Պապայանը շատ հանգամանորեն անդրադարձավ այդ հարցին: Հատկապես իր կարծիքն ամրապնդելու համար թարգմանեց Պուշկինի «Տազիթ» պոեմը: Ըստ Պապայանի ուսումնասիրության, պոեմն անմիջականորեն առնչվում է Պուշկինի՝ 1829-ին Էրզրում կատարած ուղեւորությանը եւ գրվել է ճամփորդությունից ստացած թարմ տպավորությունների ազդեցության տակ, որոնք շարադրված են «Ճանապարհորդություն դեպի Արզրում» նոթերում:

(Ըստ Պապայանի, Պուշկինը նախընտրել է «Արզրում» տերմինը: Ի դեպ, հետաքրքիր է, որ Ջիվանին նույնպես «Արզրում» տերմինն է օգտագործել):

…Պուշկինի «Տազիթ» պոեմում «Ты трус, ты раб, ты армянин» բառերն արտասանողը բացասական պերսոնաժ է՝ մի արյունարբու չերքեզ, պոեմի գլխավոր հերոս Տազիթի հայր Հասուբը, ով այդպես հայհոյում է եւ անիծում որդուն։

Տազիթին հասցեագրված «վախկոտ», «ստրուկ» եւ «հայ» բառերը՝ բոլորը միասին եւ յուրաքանչյուրն առանձին-առանձին ունեն իրենց առիթները։ Սրանցից առաջինի առիթն այն էր, որ Տազիթը՝ հանդիպելով Դարյալի կիրճում ապրանք բարձող մի թիֆլիսեցի հայ վաճառականի, ընդ որում առանց թիկնապահի, չհարձակվեց եւ չթալանեց նրան։

«Ստրուկ» բառի առիթն այն էր, որ Տազիթը՝ հանդիպելով փախուստի դիմած ստրուկին, օղաթոկով քարշ չտվեց փախստականին եւ տուն չվերադարցրեց։ Վերջապես, որդուն «հայ» որակելու առիթը, որը վերջնականապես համբերությունից հանեց Հասուբին, այն էր, որ Տազիթը չսպանեց ամենաատելի, ամենաոխերիմ ոսոխին՝ եղբոր դահճին, որովհետեւ, ինչպես Տազիթն է բացատրում հորը՝ «մարդասպանը
Անզեն էր, հայրի՛կ, վիրավոր, մենակ»։

Եւ հենց այս պահին է զայրացած հայրն արտասանում մեր այս մտորումների առարկա դարձած խոսքերը.

Կորի՛ր աչքիցս, դու իմ որդին չես,

Դու չեչեն էլ չես, այլ թոշնած ջադու,

Վախկոտի մեկն ես, ստրուկ ես, հայ ես դու։

…Հիմա ես մի քանի մեջբերում կանեմ «Տազիթ» պոեմից: Այն լրիվ ունենալ ցանկացողները կարող են իմ նամականիում հայտնել այդ մասին՝ գրելով իրենց էլեկտրոնային հասցեները: Չեմ զլանա ուղարկել:

Ա. Ս. ՊՈՒՇԿԻՆ

ՏԱԶԻԹ

…Ինչ-որ չարագործ նախանձ, տմարդի
Փլատակներում մի հին մզկիթի
Սպանել է ծեր Հասուբի որդուն –
Նրա դիակն են արդեն բերել տուն։
—–
Դիակը արդեն հողին հանձնեցին,
Ծածկեցին հողով։ Մարդիկ անաղմուկ
Շշնջում էին աղոթքը վերջին։
Հանկարծ հայտնվեց ալեհեր ծերուկ՝
Մի վայելչակազմ պատանի կողքին։
Մարդիկ եկվորին ճամփա են բացում,
Եւ նա, դիմելով վշտոտ հայրիկին,
Դանդաղ ու հանդարտ այսպես է ասում.
«Անցել է արդեն տասներեք տարի,
Երբ այցելեցիր աուլն օտարի,
Եւ ինձ հանձնեցիր մի մանկիկ մատաղ,
Խնդրեցիր կրթել այդ թույլ մանչուկին,
Որ դառնա չերքեզ՝ ազնիվ ու խիզախ։
Քո զավակներից դու այսօր մեկին
Հողին հանձնեցիր այդքան վաղաժամ։
Բախտին հնազանդ, Հասո՛ւբ, եղիր դու,
Ահա բերել եմ քո երկրորդ որդուն։
Սոսկ նա է կարող այս կյանքում դաժան
Քեզ մխիթարել, օրդ զարդարել,
Նա հենքդ պիտի լինի արդարեւ։
Դո՛ւ գնահատիր ջանքերս բազում –
Ինքս ինձ գովել բնավ չեմ ուզում»։

Ծերունին լռեց։ Եւ Հասուբն, իր խոր
Վիշտը հաղթելով, նայեց պատանուն։
Անունն էր Տազիթ։ Կանգնած գլխիկոր
Հասուբի առջեւ, նա ձայն չէր հանում։
Հնազանդ կանչին, որ հնչեց հոգում,
Հասուբն իր վիշտն է հիմա ամոքում,
Հայրական սիրով գրկում պատանուն…
* * *
Մի օր էլ Տազիթն իր սիրած ձիուն
Հանում ախոռից, ընկնում է ճամփա,
Երկու օր¬գիշեր նժույգով թամբած
Շրջում է ու նոր վերադառնում տուն։
Հայր
-Ո՞ւր էիր, որդի՛ս։
Որդի
Այն ժայռոտ կիրճում,
Ուր Դարյալ գետն է շաչում-շառաչում։
Հայր
Եւ ի՞նչ։
Որդի
Լսեցի ձայնը Թերեքի։
Հայր
Չհանդիպեցի՞ր արդյոք վրացու
Կամ գուցե ռուսի։
Որդի
Հեռու ճամփեքին
Թիֆլիսցի մի հայ ապրանք էր բարձում։
Հայր
Թիկնապահ ունե՞ր։
Որդի
Ո՛չ, մենակ էր նա։
Հայր
Հապա դու ինչո՞ւ, տեսնելով նրան,
Չհարձակվեցիր, որ տեղում մնա,
Կամ չխեղդեցիր, ցատկելով վրան։

Գլուխն իջեցրած, նայելով գետնին,
Չպատասխանեց չերքեզի որդին։
* * *
Իր ձին է թամբում Տազիթն ու նորից
Անհետանում է, ու երկու օրից
Տուն վերադառնում՝ դիակի նման
Գունատ… Ու հայրը, տեսնելով նրան,
Հարցով է դիմում, սպասում պատասխան։
Հայր
Ասա՛, ո՞ւր էիր։
Որդի
Գնացի հեռու՝
Եղա Կուբանին կից անտառներում։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հայր
Ո՞ւմ հանդիպեցիր։
Որդի
Այն չարագործին։
Հայր
Ո՞ւմ, ո՞ւմ։ Կրկնի՛ր։
Որդի
Եղբորս դահճին։
Հայր
Սիրելի որդուս դահիճի՞ն դաժան։
Հապա բե՛ր նրա գլուխն անարժան։
Այդ գանգը, Տազի՛թ, թող մոտս մնա՝
Նայեմ, հագենամ…
Որդի
Բայց մարդասպանը
Անզեն էր, հայրի՛կ, վիրավոր, մենակ…
Հայր
Անշուշտ, լսեցիր մեր արյան ձայնը…
Չէ՞ որ տապալվեց գետնին այդ շունը,
Եւ դու խրեցիր քո սուր դաշույնը
Ու պտտեցիր նրա կոկորդում,
Ու տեսար, ինչպես արյունն է հորդում,
Ըմբոշխնելով այդ պահն երջանկաբեր։
Էլ չեմ համբերում… Դե՛հ, գլուխը բե՛ր…

Բայց լուռ էր որդին, չէր կարող խոսել։
Ու հայրը դարձավ գիշերից էլ սեւ,
Նայելով որդուն, նա բացականչեց.
«Կորի՛ր աչքիցս, դու իմ որդին չես,
Դու չերքեզ էլ չես, այլ թոշնած ջադու,
Վախկոտի մեկն ես, ստրուկ ես, հայ ես դու։
Անիծյա՜լ… Կորի՛ր, որ էլ չլսի
Ոչ ոք եւ ոչինչ վախկոտիդ մասին։
Թարգմ.՝ Ռաֆայել Պապայան
———-
Անգամ կրճատումներով ներկայցնելով պոեմը, վստահ եմ, որ պատկերացում կկազմեք, թե Պուշկինն ի՞նչ առիթով է չերքեզի բերանով ասում «Ты трус, ты раб, ты армянин» խոսքերը:

Առայժմ այսքանը, սիրելի ընկերներս: Բարի գիշեր:

Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից: