Գովազդ կինոյում, կամ ինչպես ձեզ ստիպել շաուրմա ուտել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գովազդ կինոյում, կամ ինչպես ձեզ ստիպել շաուրմա ուտել

Թվայնացման մեր դարում, երբ ամեն կողմից մարդու վրա տեղեկատվական հոսքերի տեղատարափ է, կենսական անհրաժեշտություն է տեղակատվական ծավալների ճիշտ ընտրության, վերլուծման եւ ընկալման ունակությունը: Սա հատկապես վերաբերում է գովազդներին:

Օրինակ բերեմ՝ մեր մոլորակի բնակչության մեծամասնության համար Ամանորը տարվա գլխավոր տոնն է: Դրա «առաջատար» խորհրդանիշն է Սանտա Կլաուսը, որի կերպարն արդեն վաղուց եւ խորապես արմատացել է մեր մեջ (տարբեր երկրներում կերպարը, բնականաբար, մետամորֆոզների է ենթարկվել, բայց ընդհանուր առմամբ նույնն է):

30-ական թվականների սկզբին Սանտայի կերպարը գովազդի շնորհիվ ամբողջությամբ իրեն զուգորդեց Coca-Cola ընկերությունը: Իսկ վերջին տասնամյակներին ամանորյա տոների ամբողջ ժամանակահատվածը միանշանակորեն զուգակցվում է գազավորված ըմպելիքի գովազդի հետ:

Ես անձամբ ծանոթներիցս բազմիցս եմ լսել, որ նրանց համար ամանորյա տոները սկսվում են, հենց նրանք տեսնում են Coca-Cola-ի գովազդը:

Մի խոսքով՝ գրագետ գովազդը մարդու գլխի մեջ նստվածք է տալիս վաղ հասակից մինչեւ պատկառելի տարիք:

Խոսենք կինոյում գովազդի մասին: Ավելի ճիշտ՝ կինոինդուստրիայի շրջանակում այն նշվում է Product Placement տերմինով (բառացի թարգմանությամբ՝ արտադրանքի տեղադրում), ինչն, ըստ էության, անվանվում է քողարկված գովազդ:

Ստույգ հայտնի չէ, թե ինչպիսին է եղել կինոյում առաջին գովազդը, բայց հայտնի առաջին օրինակներից մեկն է համարվում National Geographic հեռուստաալիքի «Այս սքանչելի կյանքը» (1947) կուլտային ֆիլմը: Կինոյում գովազդին լրջորեն սկսեցին վերաբերվել Սթիվեն Սփիլբերգի 1982 թվականի «Այլմոլորակայինը» կինոնկարի ցուցադրությունից հետո: Այն անչափ հմտորեն կարողացավ կինոնկարի սյուժեի մեջ մտցնել «Hershey’s» ընկերության Reese`s Pieces քաղցրեղենի գովազդը: Վերլուծաբանները պարզել են, որ ֆիլմի ցուցադրությունից հետո քաղցրեղենի վաճառքը 80 տոկոսով աճել է:

Ամբողջությամբ՝ style.news.am