Բեյլորի բժշկական քոլեջի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ շոկոլադ ուտելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Բավարար է քաղցրեղենի շաբաթական մեկ անգամ օգտագործումը, գրում է European Journal of Preventive Cardiology-ն:
Մասնագետները դիտարկել են շոկոլադի օգտագործման և սրտի կորոնար հիվանդությունների միջև կապը: Ուսումնասիրվել է 300 հազար մարդու տվյալներ և եզրակացությունը եղել է հետևյալը՝ շաբաթը մեկ կամ մի քանի անգամ շոկոլադ ուտելը նվազեցնում է սրտի կորոնար հիվանդության ռիսկն ութ տոկոսով:
Գիտնականները, սակայն, չեն ուսումնասիրել, թե որ տեսակի շոկոլադն է առավել օգտակար սրտանոթային հիվանդությունները կանխելու համար: Չափաբաժինը նույնպես սահմանված չէ:
Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել շոկոլադի սպառումը՝ ճարպակալումից և շաքարախտից խուսափելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը