Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]
Advertisement 1000 x 90

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը․․․ [հուշեր պոետի մասին]

«Արփիկի մահից հետո անցել էր վեց ամիս։ Չարենցը գնացել էր քարհանքերն ու մի շաբաթ այնտեղ մնալուց հետո մի հսկայական քար էր փոխադրում սայլով՝ Արփենիկի մահարձանի համար։Ճանապարհին սայլը շուռ էր եկել ու Չարենցի ոտքը վնասել։ Մեծ դժվարություններով նա քարը հասցրել էր գերեզմանատուն (ներկայիս Կոմիտասի անվան հանգստի պարկը), որտեղ և մշակման էր ենթարկվում՝ համաձայն Չարենցի ցանկությամբ կազմված նախագծի։Չարենցը խնդրեց ինձ իր հետ գնալ գերեզմանատուն՝ Արփիկի գերեզմանը տեղափոխելու համար․ նրան թաղել էին մի նեղ տեղ, ուր քար դնելու և ցանկապատ քաշելու հնարավորություն չկար։

Մեր ներկայությամբ սկսեցին փորել գերեզմանը։ Փորողը նիհար ու բարձրահասակ կին էր, հողագույն դեմքով գերեզմանատան պահակը:

Չարենցը կարգադրեց բանալ դագաղը։ Ես արգելեցի, սակայն նա կտրուկ պահանջեց իրենը։

Պահակը բարձրացրեց կափարիչն ու դրեց մի կողմ։

Խե՜ղճ Արփիկ․․․․ինչպես էր փոխվել․․․․

Չարենցը լուռ նայում էր, կարծես ուզում էր ըմբռնել, թե ի՞նչ եղավ Արփիկը։

-Տես, ի՜նչ է դառել,-ասաց Չարենցը վշտացած ու զարմացած։

Կափարիչը ծածկեցին։ Վերոհիշյալ կինը գրկեց դագաղն ու փոխադրեց նոր փոսը»։

Միքայել Մազմանյանի հուշերից

«Ահա դեմը, պատին-Դանթեի
Սիլուետն է՝ Պետրարկան կողքին․-
Ելել են նրանք դժոխքից
Եվ մտել դրախտն այնտեղից․․․․
Դա Ջիոտտո կոչվող նկարչի
Հանճարեղ ֆրեսքի մի անկյունն է․-
Այսինքն՝ դրա կրկնությունը
Գունավոր, չքնաղ կատարած․․․․
Իսկ ներքևը-Լեոնարդո դա Վինչու
Թախծադեմ «Հիսուսն» է-կանացի,
Պատանու դեմքով «Հիսուսը»։-
Ես տեսնում եմ միշտ նրա ուսը,
Հենց որ աչքերս բացի․․․․
Իմ սենյակն է, իմ պատը հարազատ՝
Իմ սիրած «Հիսուսով», որ անչափ
Նմանում է Արփիկին,-մանավանդ
Երբ պառկած էր նա դագաղում․․․»։

vnews.am