Գրիպի եւ թոքաբորբի դեմ պատվաստումը կարող է օգնել կանխել մահը սրտի անբավարարությունից: Նման կարծիք են հայտնել Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է EurekAlert-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտողները վերլուծել են 2010-2014 թվականներին սրտի անբավարարությամբ հոսպիտալացված գրեթե երեք միլիոն ամերիկացու տվյալները: Հիվանդների միջին տարիքը 70 տարեկան էր: Հոսպիտալացման տարում հիվանդների միայն 1.4 տոկոսն է գրիպի դեմ պատվաստանյութ ստացել, իսկ 1.4 տոկոսը` թոքաբորբի դեմ:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ գրիպի դեմ պատվաստանյութ ստացած հիվանդների մոտհիվանդանոցում մահացության մակարդակը զգալիորեն ցածր էր (1.3 տոկոս) նրանց համեմատ, ով չէր պատվաստվել գրիպի դեմ (3.6 տոկոս): Նմանատիպ ցուցանիշներ են նկատվել նաեւ թոքաբորբի դեմ պատվաստանյութի դեպքում:
Հետազոտության արդյունքում գիտնականները սրտի անբավարարություն ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս ամեն տարի պատվաստվել գրիպի եւ թոքաբորբի դեմ: