The Lancet-ը` բժշկության ոլորտում աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկը, հրապարակել է Գամալեիի անվան ինստիտուտի արտադրած ռուսական կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերի արդյունքները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է: Հրապարակումը, որի հեղինակն է պատվաստանյութեր մշակողների մեծ խումբը, հայտնում է, որ I եւ II փուլերի ընթացքում ուսումնասիրության մասնակիցների 100 տոկոսի մոտ կայուն հումորալ եւ բջջային իմունային պատասխան է ձեւավորվել:
Ընդ որում, Sputnik V-ով պատվաստված կամավորների մոտ նոր կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակը 1.4-1.5 անգամ ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ով COVID-19 էր տարել:
Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի մամուլի հաղորդագրությունում հաղորդվում է, որ բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունն ավելի համեստ արդյունքների է հասել. վարակը տարածների եւ պատվաստվածների մոտ հակամարմինների մակարդակը մոտավորապես հավասար էր:
Ռուսական դեղամիջոցով պատվաստված կամավորների մոտ լուրջ կողմնակի բարդություններ չեն եղել (մինչդեռ մյուս թեկնածու պատվաստանյութերի համար այս ցուցանիշը կարող է տատանվել 1-ից մինչեւ 25 տոկոսի սահմաններում):
Գամալեիի անվան ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ The Lancet ամսագրում հրապարակումը երկար է պատրաստվել, եւ հոդվածը գնահատվել է հինգ անկախ գրախոսների կողմից` միջազգային բոլոր կանոնների համաձայն:
The Lancet-ը մտադիր է շարունակել ռուսական պատվաստանյութի վերաբերյալ իր հրապարակումների շարքը: Մասնավորապես, նախատեսվում է հրապարակել նաեւ կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները, որոնք շուտով կմեկնարկեն Մոսկվայում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դրանց կմասնակցի 40.000 կամավորն, այդ թվում` 60-ից բարձր տարիքի: