Մի՛ արեք, հետո ինքներդ եք զղջալու?
Կարդացե՛ք։ Կարևոր է։
Մի քանի օր է առիթ ունեմ դիտարկելու փոքր երեխաների հետ հանգստանալու եկած երիտասարդ ծնողների։
Երեխաների քանակը հանգստյան տանը մեծ է, բայց դու նրանց տեսնում ես միայն սրճարանում… մի կետի (ծնողներից մեկի հեռախոսի էկրանին) նայելիս։ Նրանք ո՛չ բակում, ո՛չ խոտածածկ հատվածում, ո՛չ միջանցքներում, ոչ էլ, փաստորեն, ճաշարանում ոչ ոքի (այդ թվում իրենց ծնողներին) չեն անհանգստացնում։ Երեխաները չեն վազվզում, չեն ուսումնասիրում իրենց շրջապատը, չեն թափում, չեն կոտրում, չեն լացում, չեն ծիծաղում, չեն պահանջում ուշադրություն, չեն փաթաթվում, չեն համբուրում, չեն խանգարում, ՉԵՆ ԽՈՍՈՒՄ… Աստված իմ։
Սթափվե՛ք։
Տեղում ժամերով գամված լինելուն, չշփվելուն, հույզեր չստանալուն ու չփոխանցելուն, ամբողջ օրը անկենդան առարկայի հետ առնչվելուն, ոչ մայրենի լեզվով խոսք լսելուն, որևէ բանից կախվածության մեջ լինելուն մանկուց սովոր (ավելի ճիշտ ձեր կողմից դրան «վարժեցված» (կներեք կոշտ բայց դիպուկ բառիս համար) երեխան վաղը ունենալու է խոսքի, հաղորդակցման, հոգեբանական, ֆիզիկական, առողջական, տեսողական (ցանկը ամբողջական չէ) խնդիրներ, որոնց համար դատապարտված եք լինելու տառապել ձեր ողջ հետագա կյանքի ընթացքում։
Ձեզ անհանգստացրե՛ք։
Երեխային իջեցրեք մանկասայլակից ու հետևից շրջեք` նրա անվտանգությունն ապահովելու, նրա հարցերին պատասխանելու, նրան գրկելու, իրեն հետաքրքրած բաները բացատրելու համար։
Լիարժեք մի՛ մասնակցեք ձեր ընկերների զրույցին, ձեր ուտելիքը կիսատ ու սառած կերե՛ք, մի՛ հասցրեք շպարվել, մտնել ինստագրամ, հեռախոսով զրուցել, բայց մեծացրեք բոլոր իմաստներով առողջ երեխա։
Այլապես տպավորություն է, որ երեխային տանը հեռախոս եք տալիս, որ թողնի հանգիստ գործերն անեք, իսկ հանգստանալիս էլ այն տալիս եք, որ թողնի հանգիստ հանգստանաք։
Սթափվե՛ք։ Էկրանն ունի՛ այլընտրանք։ Զբաղվե՛ք ձեր երեխաների հետ։
#Էկրաննուերեխանվատհամադրությունեն
Լոգոպետ Արմինե Ավագյանի ֆեյսբուքյան էջից: