Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ մարիխուանայի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու մտավոր կարողությունների վրա: Համապատասխան գիտական աշխատանքը հրատարակել է Addiction ամսագրում:
Հետազոտության հեղինակները դիտել են, թե ինչպես է փոխվում ուղեղի գործառույթը գրեթե 1.2 հազար տղաների և աղջիկների մոտ, ովքեր օգտագործել են մարիխուանա, ինչպես նաև նրանց եղբայրների, քույրերի մոտ, որոնք վատ սովորություններ չեն ունեցել:
«Բազմաթիվ ապացույցներ կան, որ մարիխուանայի օգտագործումը բացասաբար է ազդում մարդու մտավոր կարողությունների վրա:
Մենք փորձեցինք ազատվել ռիսկի գործոնների մեծ մասից (կենսամակարդակ, մշակույթ, դաստիարակություն և այլն)՝ դիտելով նրանց եղբայրների և քույրերի վիճակի փոփոխությունները», – ասել է աշխատության համահեղինակ, Կոլորադոյի համալսարանի դոցենտ Ջարոդ Էլինգսոնը:
Ըստ գիտնականների, մարիխուանայի նույնիսկ չափավոր օգտագործումը հետազոտության մասնակիցների մոտ առաջացրել է ճանաչողական ունակությունների վատթարացում: Բացասական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես, բանավոր հիշողության, ընդհանուր IQ մակարդակի, մտածողության ճկունության և աշխատանքային հիշողության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը