«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է Վեներա ռուսական առաքելություն ուղարկելու մտադրության մասին` գիտնականների կողմից այս մոլորակի մթնոլորտում բիոմարկերների հայտնաբերման ֆոնին, որոնք կարող են վկայել մոլորակի վրա հնարավոր կյանքի մասին։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները Վեներայի մթնոլորտում ֆոսֆին են հայտնաբերել, որը կարող է կենսաբանական ծագում ունենալ: Այն արտադրվում է միկրոօրգանիզմների կողմից, որոնք շնչելու համար թթվածին չեն օգտագործում:
«Մեր ծրագրում ամերիկացիների հետ միասին Վեներայի հետախուզման վերականգնման թեմա կա` Venera-D նախագիծը: Մենք քննարկում ենք նաև առանձին առաքելության հնարավորությունը դեպի Վեներա: Մենք կարծում ենք, որ Վեներան, այնուամենայնիվ, ռուսական մոլորակ է»,- լրագրողներին ասել է Ռոգոզինը՝ ավելացնելով, որ Վեներայի հետազոտման առաքելությունների նախագծերը ներառված են Ռուսաստանում 2021-2030 թվականների տիեզերական գործունեության միասնական պետական ծրագրի նախագծում: Հաղորդվում էր, որ այս ծրագիրը պետք է հաստատվի մինչև տարեվերջ:
Ավելի վաղ Ռոգոզինը հայտարարել էր, որ ռուսական հրթիռատիեզերական արդյունաբերության մասնագետներն իրեն Վեներայից Երկիր գրունտի նմուշներ հասցնելու տարբերակներ են առաջարկել։