Աստղագետների մի խումբ հայտնաբերել է տիեզերքում հայտնի ամենահզոր մագնիսական դաշտը: Այս մասին հաղորդում է Phys.org-ը:
Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի և Չինաստանի գիտությունների ակադեմիայի հետազոտողները հայտնագործություն են արել նեյտրոնային աստղի մակերեսին:
Մասնագետներն ուսումնասիրել են GRO J1008-57 ռենտգենյան պուլսարը, որը հայտնաբերվել է 2017-ի օգոստոսին: Դրա բռնկումն արձանագրել է չինական Insight-HXMT արբանյակը:
Գիտնականների տեսական հաշվարկները ցույց են տալիս, որ դրա մագնիսական դաշտի հզորությունը կազմում է մոտ մեկ միլիարդ Տեսլա: Փորձագետները նշում են, որ այս ցուցանիշը տասնյակ-միլիոնավոր անգամներ գերազանցում է այն դաշտերի հզորությանը, որոնք կարող են գեներացվել Երկրի լաբորատոր պայմաններում:
Նեյտրոնային աստղերն ունեն ամենաուժեղ մագնիսական դաշտերը տիեզերական բոլոր մարմինների համեմատությամբ: Պարզվել է, որ GRO J1008-57 պուլսարը ռեկորդակիր է նախկինում ուսումնասիրված բոլոր նմանատիպ աստղերի շրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը