Պատմում է Հովհաննես Թումանյանի աղջիկը՝ Նվարդ Թումանյանը:
«Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում.
«Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»:
Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր.
«Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում.
«Մեր տունը ձեզ համալսարան»:
Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.
«Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է»:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:
* * * * * *
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում.
«Привет Арарату»…
Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
* * * * * *
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
Հայտնի մարդկանց շարքից