Երկու լեզուների հավասար տիրապետումը նվազեցնում է ծերացման հետ կապված ճանաչողական խանգարումների ռիսկը: Այս անսպասելի եզրակացությանն են հանգել Օբերտա դե Կատալոնիա և Պոմպեու Ֆաբրա (Իսպանիա) համալսարանների գիտնականները:
Նրանց հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neuropsychologia ամսագրում, մասնակցել է 63 առողջ մարդ, 135 հիվանդ` հիշողության տարբեր տեսակի թույլխանգարումներով և 68 մարդ Ալցհեյմերի հիվանդությամբ` ծերունական տկարամտության մահացու և անբուժելի ձև:
Այս բոլոր մարդիկ ապրում էին Բարսելոնայի թաղամասերում, որոնք տարբերվում են իսպաներենի և կատալոներենի օգտագործման հաճախականությամբ: Մասնագետները պարզել են, թե կամավորներից ով է հավասարապես լավ տիրապետում երկու լեզուներին, այնուհետև վերլուծել են նյարդաբանական խանգարումների ախտորոշման կապը:
Մասնակիցները նաև հիշողության և ճանաչողական այլ գործառույթների թեստեր են հանձնել: Պարզվել է, որ լեզվի իմացության բարձր մակարդակը կապված է չափավոր, այլ ոչ թե ծանր ճանաչողական խանգարումների հետ: Մասնագետների կարծիքով` մի լեզվից մյուսը պարբերաբար անցնելն օգնում է պահպանել ճանաչողական վերահսկողության համակարգը, որն օգնում է մարդուն տարբեր գործողություններ կատարել` ընթացիկ խնդիրներին համապատասխան: Այն օգնում է փոխհատուցել հիշողության խանգարումները և ուղեղի հիվանդության այլ ախտանիշները: