Հիշում եմ, թե Սովետն ինչպես էր քաջալերում կանանց հանդուրժող լինել, խաղաղասեր ու ընկերական: Ու հատուկ այդ դերի մեջ մտնելու համար արտադրում էր «Դրուժբա» անունը կրող կես մետրանոց գույնզգույն փոխանները, որոնք փողփողում էին ամենուր՝ փողոցներում՝ լվացքի պարաններին, կամ էլ պատերի տակ արևկողի տված կանանց խալաթների ճեղքերից:
Սովետն այդքան սրտացավորեն բարեկամություն էր քարոզում, բայց միևնույն է, այդ վարտիքները կրող կանայք շարունակում էին ամենակռվարարը մնալ: Նույնիսկ պատմություններ եմ լսել, թե ինչպես է նրանցից ամենախելառը թունդ կռվի միջոցին, հանել դրանք ու քաշել դիմացինի գլուխը: Երբ մեծերն ասում են, թե առաջ ամեն ինչի մեջ համ ու հոտ կար, այս դեպքում թերևս, գոնե հոտի պահով կարելի է համաձայնել:
Էս ինչքա՜ն հեռվից եկա:
Ուրեմն դրանցից կրում էր նաև Մարան տատը, որոնք իր վրա նստում էին այսօրվա բրիջի տաբատների նման: Որովհետև կարճահասակ էր: Բայց նա հպարտանում էր իր արտաքինով, քանզի ինչ-որ գուսան երգել էր՝ «Թռչունների մեջ կաքավն ու լորը, կնիկների մեջ՝ կարճն ու կլորը» ամենասիրունն են:
Երևի գուսանը այդ տողերը կրկներգով էր ասել ու շեշտել, որովհետև Մարանը դրանում չափազանց վստահ էր: Նա երեկոյան իր բրիջի-դրուժբայով վարից վեր նայում էր տանեցիներին ու գնում քնելու, դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես նրանց արևի լույսից ի՛նքն էր զրկողը:
Բա՜… Մարանը կին էր, որին իր սեփական հայելին որպես մոդել էր ցույց տալիս՝ 90-60-90 չափսերով, բայց հո մե՛նք գիտեինք, որ առաջինը իր բոյին էր վերաբերում, երկրորդը՝ տարիքին, երրորդն էլ քաշին…
…
Հ.Գ. Սիրելի գյումրեցիներ, լույս է տեսել իմ՝ Գյումրուն նվիրված գիրքը, որի խորագիրն է՝ «Էրթանք ապրելու»: Կյանք ու ծիծաղ պարգևող այս գիրքը լիքն է իրական հերոսներով ու իրական պատմություններով: Կարդացեք, միգուցե ձեզ, կամ ձեր հարևանին էլ գտնեք այնտեղ: Ձեռք բերել ցանկացողները դիմեն ինձ՝ հեղինակին, անձնական նամակով: Հարգանքներով՝ Լուսինե Աղաջանյան
Կատակում են գյումրեցիները ֆեյսբուքյան էջից: