Երեխաների հետ աշխատելիս (պատերազմի ժամանակ)
Advertisement 1000 x 90

Երեխաների հետ աշխատելիս (պատերազմի ժամանակ)

Պատերազմական իրավիճակում, շատերը ցանկանում են և շտապում օգնել, հատկապես երեխաներին: Սակայն շատ կարևոր է այդ քաոսի և վազքի մեջ հաշվի առնել մի շարք կանոններ և չափորոշիչներ, որոնք թույլ չեն տա շտապելու պատճառով սխալներ թույլ տալ:
1. Երեխաների հետ հանդիպելուց առաջ, անպայման պարզեք, թե որքան ժամանակ կարող եք տրամադրել նրանց հետ աշխատանքին, քանի օր և քանի ժամ, քանի անգամ կարող եք այցելել:

  1. Տվյալ կացարանի ղեկավարության կամ մանկավարժների հետ հստակեցրեք՝ որքան ժամանակ կարող են տվյալ երեխաները կայուն կերպով լինել այս վայրում և ձեզ հետ ժամանակ անցկացնել, խաղեր խաղալ, զրուցել կամ որևէ հոգեբանական աջակցություն ստանալ:
  2. Եթե հոգեբան եք, ապա պարզեք կացարանի ղեկավարներից կամ հենց երեխաներից, արդյոք որևէ հոգեբան աշխատել կամ աշխատում է նրանց հետ: Պետք է խուսափել կրկնակի, իրար խանգարող կամ կրկնող գործողություններից:
  3. Երեխաների հետ ծանոթանալիս, նրանց հստակ տեղեկացրեք, թե ով եք, ինչ նպատակով եք եկել և որքան ժամանակ եք նրանց հետ անցկացնելու, որքան անգամ եք հանդիպելու, և երբ են ավարտվելու աշխատանքները:
  4. Հնարավորության դեպքում պարզեք երեխաների ունեցած փորձառությունը և աշխատեք նույն խմբում ընդգրկել միասին, միևնույն փորձառությունն ունեցած երեխաներին: Կարող են լինել պարզապես տարհանված, ընտանիքից բաժանված, հարազատ կորցրած, արտակարգ իրավիճակների անմիջական մասնակից և այլ փորձառություն ունեցող երեխաներ: Նրանց պետք է խմբավորել առանձին:
  5. Ոչ մի դեպքում մի արգելեք երեխաներին խոսել, պատմել իրենց փորձի մասին, մի շեղեք և մի ցրեք նրանց վատ մտքերը, երբ նրանք ուզում են պատմել:
  6. Սահմանեք աշխատանքների սկիզբ և ավարտ: Երեխաները սթրես են ապրում ամենաշատը անորոշությունից, անավարտությունից և նրանից, որ իրենց սպասումները չեն արդարանում: Հետևաբար խուսափեք սուտ խոստումներ տալուց, անիրական ակնկալիքներ առաջացնելուց:
  7. Երեխաների հետ անկեղծ խոսեք տեղի ունեցողի մասին և շեշտը դրեք հոգևոր արժեքների, հոգևոր ձեռքբերումների վրա: Ամեն ինչ ավելի հեշտ է լինում, երբ իմաստ կա, հատկապես, երբ այն արդար է: Երեխաները պետք է իմանան, որ մեծերը գիտեն, թե ինչ են անում:
  8. Մի խուսափեք մահվան մասին խոսելուց, տարբեր տարիքի երեխաներ, տարբեր կերպ են ընկալում մահը: Բացատրեք նրանց, որ մահը մեր կյանքի անբաժան մասն է, և ինչպես ամեն բան ունի սկիզբ, ունի նաև վերջ, ինչպես ծառերը տերևաթափ են լինում աշնանը և նորից տերևներ են դուրս գալիս գարնանը, այնպես էլ մարդկանց կյանքը ավարտվում է, բայց շարունակվում է նոր ծնված մարդկանց մեջ: Մեր հերոսներն ասում են, որ մահը վախենալու չէ, եթե դու արդարության համար ես կռվում:
  9. Մի փնտրեք հրաշագործ սփոփիչ բառեր, այդպիսիք չկան պատերազմի ժամանակ:

Հիշեք, որ Դուք ևս մարդ եք և ենթարկվելու եք սթրեսի նման իրավիճակներում աշխատելիս: Անպայման ունեցեք մեկը, ում կդիմեք, երբ ծանր ապրումներ ունենաք: Ամեն աշխատանքային օրվա ավարտին, փորձեք մի փոքր խոսել մտերիմների կամ գործընկերների հետ Ձեր ապրումների մասին: Օգնեք նաև ինքներդ Ձեզ:

Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան

2ov.am