Պաշտոնական Քաբուլը դեմ է, որ վարձկան ահաբեկիչները տեղափոխվեն Ադրբեջան. Ոսկանյան. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պաշտոնական Քաբուլը դեմ է, որ վարձկան ահաբեկիչները տեղափոխվեն Ադրբեջան. Ոսկանյան. armeniasputnik.am

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Աֆղանստանի նախագահի գլխավոր խորհրդական, Քաբուլի և Նանգահարի համալսարանների պրոֆեսոր Լալփաչա Ազմունի` Ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների առկայության տեսակետին։

Վարդան Ոսկանյանի տեղեկացմամբ` Ազմունն Աֆղանստանի ազդեցիկ մտավորականներից մեկն է, ում հետ ԵՊՀ իրանագիտության ամբիոնն ունի շատ սերտ գիտակրթական, ակադեմիական հարաբերություններ, որովհետև վերոհիշյալ ամբիոնում զարգացվում է նաև աֆղանագիտությունը որպես առանձին ուղղություն իրանագիտության մեջ, ինչպես նաև դասավանդվում է փաշթու լեզուն։

«Ընդհանրապես Աֆղանստանի ներսում այդքան էլ լավ չեն պատկերացնում արցախյան հիմնախնդիրը և շատ քիչ տեղեկություններ ունեն այդ կոնլիկտից։ Դրանից օգտվելով` ադրբեջանական լոբբիստները կարողանում են պետության ներսում կորզել երբեմն իրենց համար ձեռնտու հայտարարություններ կամ դիրքորոշումներ, ինչն ամենևին չի նշանակում, թե Աֆղանստանի բնակչությունը կամ իշխանությունները նման դիրքորոշումներին շատ հավատարիմ են։ Խնդիրն այն է, որ մենք պետք է ակտիվ աշխատենք Աֆղանստանի հետ, որպեսզի ունենանք համապատասխան ազդեցություն նաև քաղաքական որոշումներ կայացնողների վրա»,– նշում է իրանագետը։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` դա Աֆղանստանից կարծիք ստանալու առաջին փորձն էր, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձնական զրույցներում աֆղանցի պաշտոնյաներն ու մտավորականները նշում են ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքը և ամենևին կողմնակից չեն, որպեսզի իրենց երկրի քաղաքացիներից որևէ մեկը ներգրավված լինի Աֆղանստանից դուրս որևէ հակամարտության գոտում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում։

«Բայց գիտեք Աֆղանստանի իշխանությունները ցավոք սրտի ամբողջությամբ և կատարելապես չեն վերահսկում երկրի տարածքը։ Տեղում գործող որոշ խմբավորումներ կարող են կապեր ունենալ Ադրբեջանի հետ, բնականաբար Թուրքիայի կամ Պակիստանի միջոցով, ինչի դեմն առնելու համար մենք պետք է ավելի սերտ աշխատենք Աֆղանստանի հետ` հաշվի առնելով, որ այդ երկիրը 1990թ.–ին ճանաչել է ՀՀ անկախությունը և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,– նշում է իրանագետը։

Վարդան Ոսկանյանի գնահատմամբ` հայկական կողմը պետք է հաշվի առնի նախ այն հանգամանքը, որ Աֆղանստանն ամենևին էլ բարեկամական հարաբերություններ չունի Ադրբեջանի օգտին մշտապես հանդես եկող Պակիստանի հետ, ինչը կարող է զսպող գործոն լինել։ Եվ երկրորդ` պետք է ավելի ընդլայնել Աֆղանստանի հետ գիտակրթական կապերը, ինչը մեզ կոգնի այդ երկրում հասարակական հայանպաստ կարծիքի ձևավորման գործում։ Համենայնդեպս ԵՊՀ իրանագիտության ամբիոնը ձգտում է խորացնել կապերն աֆղանցի գործընկերների հետ` ժողովրդական դիվանագիտության խողովակներն օգտագործելով ի շահ Հայաստանի։

Նշենք, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադ Զայի գլխավոր խորհրդական Լալփաչա Ազմունը հայտարարել էր, որ Աֆղանստանի իշխանությունները չեն ցանկանում կրկնել անցյալի սխալները և թույլ չեն տա Աֆղանստանից որևէ զինյալի տեղափոխումը ղարաբաղյան ռազմաճակատ, ինչպես նաև կարգելեն Թուրքիայի կողմից Ադրբեջան տարատեսակ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների տեղափոխումն Աֆղանստանից։

armeniasputnik.am