Կորոնավիրուսով վարակումը կարող է անսպասելի հետեւանք ունենալ՝ հանգեցնել մազաթափության: Այս մասին հայտնում են ճապոնացի գիտնականները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսով վարակումից մի քանի ամիս անց պացիենտների մեկ քառորդը, որոնք ապաքինվել են կորոնավիրուսից, բախվել են մազաթափության խնդրի հետ:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ ստացիոնար բուժում ստացած պացիենտների շրջանում դուրսգրումից հետո եւս նկատվել են այնպիսի ախտանիշներ, ինչպես օրինակ՝ հեւոց (պացիենտների 11%-ի մոտ), թուլություն (10%-ի մոտ), հոտառության խախտում (10%-ի մոտ): Ապաքինումից հետո որոշների մոտ նկատվել է հազ եւ համային զգացողությունների խախտում:
Հետազոտողների խոսքով՝ նման ախտանիշներ են եղել նաեւ նրանց մոտ, ովքեր վարակվել են Էբոլա տենդով: Այնուամենայնիվ, գիտնականների նշում են, որ տվյալ հետեւանքները կարող են կապված լինել պացիենտների հոգեկան ապրումների հետ: