ՀՀ ՄԻՊ գրասենյակն ու պատկան կառույցներն արձանագրել են, որ ադրբեջանցիները զանգում են սպանված կամ գերեվարված հայ զինվորականների հեռախոսահամարներից։ Այս իրավիճակում չի կարելի մոռանալ զինծառայողների հարազատներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու մասին։
Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը ի թիվս այլ խնդիրների ևս մեկ կարևոր խնդիր վերհանեց` ՀՀ քաղաքացիներին ուղարկված ադրբեջանական զանգերն ու հաղորդագրությունները։ Պատերազմի առաջին օրերին Ադրբեջանից կեղծ հաղորդագրություններ ստացան պատահական բաժանորդները, բայց հետո ադրբեջանցիները սկսեցին սպանված հայ զինվորականի հեռախոսից զանգեր ուղարկել նրա հարազատներին ու բարեկամներին։ Եղան նաև դեպքեր, որ հայ զինվորականների ընտանիքներին ուղարկեցին դաժանաբար սպանված զինվորականի լուսանկարները։
Սոցցանցերում առկա տեսանյութերի և Sputnik Արմենիայի սեփական աղբյուրների համաձայն` ՀՀ քաղաքացիներին զանգահարած անձինք զինծառայողների ընտանիքի անդամներին (կանանց, մայրերին, եղբայրներին) հայտնում են, որ զինծառայողը սպանված է։ Բացի այդ, նրանք անպարկեշտ խոսքերով վիրավորում են զոհվածի ընտանիքի անդամներին, նսեմացնում նրանց պատիվն ու արժանապատվությունը, սպառնում ամբողջ հայ ժողովրդի ոչնչացմամբ։ Այդ մարդիկ հիմնականում խոսում են ռուսերեն ակցենտով կամ վատ հայերենով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նման փաստերն արձանագրում է համապատասխան զեկույցներ պատրաստելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար, բայց հազվադեպ է մանրամասներ հրապարակում։ Այդուհանդերձ, ՄԻՊ–ը մի աղաղակող փաստ ներկայացրել էր։
Հոկտեմբերի 16-ին` ժամը 13-ի սահմանում, մի ադրբեջանցի զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են նրան սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով։ Ընդ որում` զանգերը կատարվել են հենց սպանված զինծառայողի հեռախոսահամարից:
«Եղել ենք նաև դեպքեր, երբ հեռախոսազանգեր են ստացել նույն ընտանիքի միանգամից երկու անդամներ, սակայն հաճախ զանգահարում են միայն բարեկամներից մեկին։ Մենք չենք կարող նման դեպքերի կոնկրետ թիվ նշել կամ մանրամասներ բացահայտել։ Մենք այժմ հավաքում ենք բոլոր նման փաստերը», – Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Այս համատեքստում հատկապես արդիական է նման հաղորդագրություններ և զանգեր ստացած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են հայտնվում մայրերը, կանայք, եղբայրներն ու հայրերը։ Բայց Հայաստանում նույնիսկ խաղաղ ժամանակ ընդունված չէ հոգեբաններին դիմելը, պատերազմի ժամանակ` առավել ևս։
Այնուամենայնիվ, Երևանում պատերազմի սկզբից հոգեբանական աջակցության մի քանի անվճար թեժ գիծ է բացվել։ Սակայն բոլոր հոգեբանները մի առանցքային խնդրի են բախվում. մարդն ինքը պետք է դիմի օգնություն ստանալու համար, ինքը պետք է զանգահարի թեժ գծին։ Պատերազմից տուժածներին պարտադիր հոգեբանական օգնություն տրամադրելու մեխանիզմներ չկան։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ որևէ քաղաքացի չի դիմել ՄԻՊ–ին հոգեբանական օգնություն ստանալու խնդրանքով։ Նույնը մեզ ասացին Հայաստանում ռազմական դրության ժամանակ բացված պաշտոնական «թեժ գծի» ներկայացուցիչները։
«Զանգահարելով 117 հեռախոսահամարին, այնուհետև հավաքելով 9` քաղաքացիները կարող են անվճար հոգեբանական աջակցություն ստանալ։ Մենք զրույցի գաղտնիությունը չենք խախտում, բայց ադրբեջանական կողմի հետ շփումների վերաբերյալ զանգեր չենք ստացել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին «թեժ գծի» պատասխանատուները։
Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր և Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների և Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, որն արցախյան առաջին պատերազմի տարիներից զբաղվում է զինված հակամարտությունների հետևանքով տուժածների և զինվորականների խնդիրներով, ասում է, որ լավ կլինի, եթե բոլոր տուժածների ընտանիքների տվյալները հավաքվեն նպատակաուղղված հոգեբանական աշխատանք տանելու համար։
«Զանգերի և շփումների նշված դեպքերը մեծ տրավմա են հասցնում զինվորների հարազատներին։ Նման սթրես ապրած քաղաքացիների հետ պետք է երկարատև հոգեբանական աշխատանք տանել, ցանկալի է դեմ առ դեմ, ոչ հեռախոսով։ Արդյունավետ կարող է լինել խմբային հոգեթերապիան, որի ժամանակ միանման ապրումներով անցած մայրերը, կանայք և մյուս հարազատները պարբերաբար հավաքվեն միասին, պատմեն իրենց ապրումները, սատարեն միմյանց», – ասում է հոգեբանը։
Նրա խոսքով` զինվորների հարազատների հետ ցանկալի է նաև աշխատել նախապես, պատրաստել նրանց նման հնարավոր դիվերսիաների։
«Անգամ եթե մարդն ինքը հոգեբան է կամ բժիշկ, նա նախևառաջ ծնող է, զոհվածի հարազատ, և նրա արձագանքը նման փաստերին համապատասխան է լինելու։ Բայց, ինչպես ասում են, պատերազմը պատերազմ է. բոլորս ենք ապրում հակառակորդի տեղեկատվական դիվերսիայի սպառնալիքի տակ։ Եվ բոլորս պետք է դիմակայենք դրան։ Բացի այդ, մարդը հոգու խորքում (հատկապես մայրերը) վատթարագույնին է պատրաստ։ Հանգուցյալ մայրս ասում էր` մոր մտքինը կպնի սարերերին, հարսի մտքերը կպնեն տղուս։ Այդպիսի հակառակորդ ունեցողը պետք է պատրաստ լինի ամենավատին, ամենասարսափելի երևույթներին», – ընդգծեց Մկրտումյանը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ: