Առողջապահական համակարգի, բժիշկների ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, և ամեն ինչ պետք է անել՝ այդ ծանրաբեռնվածությունը արագ նվազեցնելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թվերի էական աճին:
«Պատերազմական իրավիճակում բնականաբար էլ ավելի է ծանրաբեռնվում բժիշկների աշխատանքը: Երբ վարակը մտնում է հիվանդանոց, կարող է այնտեղ տարածվել և լուրջ վտանգ լինել հենց վիրավոր զինվորականների համար, որոնք, արդեն իսկ լուրջ առողջական խնդիր ունենալով, կարող են վարակվել, և բնական է՝ երբ օրգանիզմը լուրջ առողջական խնդրի պատճառով սթրեսային վիճակում է, կորոնավիրուսը երիտասարդի համար կարող է նաև մահվան պատճառ դառնալ»,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործողություններն անհատական մակարդակում չեն փոխվել՝ դնել դիմալ, պահել հեռավորություն, պահպանել հիգիենայի կանոնները, աշխատանքային տարածքը մաքուր պահել, հաճախակի օդափոխել: «Անկախ նրանից՝ վիճակը բարդացել է, թե ոչ, այս կոչերի ակտուալությունը չի վերացել»,-նշեց նա՝ ընդգծելով սակայն, որ անհատական պատասխանատվության վերաբերյալ շարունակական կոչերին պետք է հետևեն նաև հստակ քայլեր:
«Բացի անհատների պատասխանատվությունից՝ համապատասխան պատկան մարմինները ևս պետք է հետևողական լինեն, որ որոշակի քայլերը, որոնք հայտարարվում են, կոչից բացի՝ լինեն նաև պարտադիր: Օրինակ՝ խանութներում հերթերը թույլատրելի չեն: Չպետք է մարդկանց կուտակումներ լինեն, ոստիկանությունը պետք է հետևի, որ մարդիկ գոնե դիմակն անընդհատ դնեն: Չկատարելու դեպքում պետք է տուգանվեն: Պետք է ախտահանել փակ տարածքները, հետևել հասարակական տրանսպորտի վիճակին, որովհետև ամենամեծ կուտակուկները կարծես հենց այդտեղ են, որտեղ մարդիկ նորից վերադարձել են հին ապրելաձևին՝ «իրար վրա կանգնելու, նստելու»»,-ասաց նա՝ ընդգծելով, թե հետևողական աշխատանք է անհրաժեշտ:
«Այս ամենի դեմ հետևողական պայքարը չպետք է միայն կոչերով լինի, պետք են ռեալ քայլեր: Ու ինչքան վիճակը բարդանա, սա ավելի ակտուալ է դառնալու: Պետությունը իր պատկան մարմիններով պետք է օգտագործի ամբողջ գործիքակազմը, որ իրավիճակը կարողանա մաքսիմալ վերահսկողության տակ պահել և նվազեցնի կորոնավիրուսի դեպքերը»,-ասաց Հովակիմ Զաքարյանը:
Ամբողջությամբ՝ tert.am