Տիգրանակերտի հնագիտական ճամբարի գույքը տեղափոխվել է ապահով վայր
Advertisement 1000 x 90

Տիգրանակերտի հնագիտական ճամբարի գույքը տեղափոխվել է ապահով վայր

Տիգրանակերտից հաջողվել է դուրս բերել և ապահով վայր տեղափոխել հնագիտական ճամբարի գույքը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է է Արցախի` Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։

«Շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր»,- գրել է գիտնականը։

Նա ընդգծել է՝ պատերազմական այս ծանր օրերին այդ գույքը լուրջ նյութական արժեք չի ներկայացնում, սակայն այն խորհրդանշական իմաստ ունի: «Նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- եզրափակել է արշավախմբի ղեկավարը:

Ավելի վաղ Համլետ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական հերթական հրետակոծության թիրախում Տիգրանակերտի հնագիտական ճամբարն է հայտնվել։ Նա նաև լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էին գնդակոծության հետևանքով եղած ավերածությունները։ Մասնավորապես, կոտրվել էին դռներ, կահույք, ավերվել պատեր և այլն։

Գրառմանը կից Համլետ Պետրոսյանը հեշթեգեր էր օգտագործել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով կատարվածի վրա։ Հեշթեգերից մեկը «Արցախի մշակութային ցեղասպանությունն է»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

armeniasputnik.am