ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 64 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայ-ռուսական համալսարանի Բժշկական կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Համբարձումի Թռչունյանը։
Արմեն Թռչունյանը ծնվել է 1956 թվականին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1978-1981 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում: 1981 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի ամբիոնում, 1993 թվականից՝ ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր։
2011-2016 թվականներին եղել է մանրէաբանության և բույսերի և մանրէների կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։
Իր աշխատանքային գործունեության ընթացքում պրոֆեսոր Թռչունյանը հանդես է եկել դասախոսական և գիտական աշխատանքներով ԱՄՆ Չիկագոյի և Վիրջինիայի, Ճապոնիայի Չիբայի, Մեծ Բրիտանիայի Ռեդինգի, Գերմանիայի Հալլեի համալսարաններում։
Ինչպես նաև եղել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կոորդինացիոն կոմիտեի անդամ (2001-2008 թվականներ)։
2001-2002 թվականներին, միաժամանակ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ։
2002-2010 թվականներին եղել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ, 2006 թվականից՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի պրոֆեսոր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորապես ցավակցում է Արմեն Թռչունյանի հարազատներին, գործընկերներին և ուսանողներին։