Առավոտը որ լիսը բացվեց թե չէ, Արջի քոթոթը ճամփա ընկավ դպա Ֆրանգստուն։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհավ մի մարդ ամեն մի ոտիցը մի եքա ջաղացաքար ա կապե ու ընենց ա եգին վազ տալի, որ ալափստրակը փախչելիս տեղը՝ եննուցը հասնում ա, կալնում։ Էս մարդը Արջի քոթոթին որ տեհավ, հարցրեց.— Քոթո՛թ աղպեր, էդ ո՞ւր էս էթում։
— Էթում եմ Ֆրանգստուն. ընդիան թագավորի աղջիկը մեր թագավորի հմար կնիկ բերեմ։
— Ի՞նչ կըլնի, ինձ էլ հետդ տանես։
— Արի՛ էթանք. մին չըլնեմ՝ թող էրկու ըլնենք։
Էրկսով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ ծովի միջին կաննել ա. սաղ ծովը փորն ա քաշում՝ դեռ ասում ա․ «Ամա՜ն, ես ծարավ մեռա»: Էս ծով կուլ տվողը հարցրեց.— Էդ ո՞ւր եք էթում. ընձ էլ ձեզ ընկեր չե՞ք անի։
— Խի՞ չենք անի. էրկու չըլնենք, թո՛ղ իրեք ըլնենք. արի՛ էթանք։
Ըսենց իրեքով ընկեր էլան, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օխտը աչքանի ջաղացի ռաստ էկան։ Նեքսև մտան, տեհան մի ջաղացպան ընդե ալիր ա աղում. էլ մաջալ չի տալի, որ ալիրը դուս գա, ունցի, հաց թխի, ուտի՝ հենց ընենց ալիրը հում֊հում ա նի տալի, դեռ հլա ասում ա. «Ամա՜ն, մի ճար արեք, սոված մեռա»։
— Բա՛ր’աջողում, ջաղացպան աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։
— Բարո՛վ, ասսու բարին. տերն աջողա, գնալներդ ո՞ւր ա։
— Ֆրանգստո՛ւն, ընդիան թագավորի աղջիկը բերելու։
— Որ ես էլ գամ ձեր հեննա, չե՞ք տանի։
— Խի՞ չենք տանի, իրեք չըլնենք՝ թո՛ղ չորս ըլնենք. գալիս ես, արի՛։
Չորս ֆոգով իրար հեննա ընկեր Էլան՝ գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, տեհան մի մարդ անկաջը գեննին ա կպցրե՝ լսում ա, հետը խոսում։
— Բարո՛վ, իմաստուն աղպեր,— ասեցին մեր ճամփորդները։
— Բարին ձեր որդկերանց արևը. աստոծ աջողա, էդ ո՞ւր եք էթում։
— Էթում ենք Ֆրանգստուն, թագավորի աղջիկը բերենք։
— Չի՞լնի ես էլ գամ։
— Խի՞ չիլնի. գալիս ես, արի՛, չորս չըլնենք՝ թո՛ղ հինգ ըլնենք։
Հնգով խելի տեղ գնացին, գնացին՝ տեհան մի մարդ սազը ձեռին ածում ա. էլ սա՛ր, էլ քո՛լ, էլ քա՛ր իրանց տեղներիցը ժաժ ին էկե սազի ձենիցը. ընչանք երկնքի ղշերն էլ էկել ին անկաջ ին անում նրա սազին:
Մեր ճամփորդները ասեցին.– Բա՛ր’աջողում, սազ ածող աղպեր։
— Բարո՛վ, ասսու հազար բարին, խերին. աստոծ աջողա, գնալներդ ո՞ւր ա։
— Ֆրանգստո՛ւն, թագավորի աղջիկը բերելու։
— Ի՞նչ կըլնի, ինձ էլ ձեր հեննա վե կալնեք:
— Ի՞նչ պտի ըլնի. գալիս ես, արի՛, հինգ չըլնենք, թո՛ղ վեց ըլնենք:
Վեցով գնացին, գնացին՝ տեհան մի մարդ Մասիսը շալակում ա տանում Հուսիս, Հուսիսը տանում Մասիս։
Մեր ճամփորդներն ասեցին.— Բա՛ր’աջողում, ղոչաղ աղպեր. էդ ի՞նչ ես անում։
— Ըսկի՛, ղվաթս եմ փորձում, դուք էդ ո՞ւր եք էթում։
— Էթում ենք Ֆրանգստուն։
— Չիլնի՞, որ ինձ էլ ընկեր անեք։
— Գալիս ես, արի՛․ վեց չըլնենք՝ թո՛ղ օխտն ըլնենք։
Էս օխտը ֆոգին՝ Արջի քոթոթը, Եգին վազողը, Անկշտում ջաղացպանը, Ծով կուլ տվողը, Իմաստունը, Սազ ածողը ու Մասիս շալակողը էկան, էկան՝ հասան Ֆրանգստուն։
Իննից յոթը
Առավոտը որ լիսը բացվեց թե չէ, Արջի քոթոթը ճամփա ընկավ դպա Ֆրանգստուն։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչը աստոծ գիտա,…
Опубликовано Հեքիաթասաց Հայկ Կիրակոսյան / Fairytaler Hayk Kirakosyan Четверг, 10 декабря 2020 г.