Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան տեղի է ունեցել դեկտեմբերի 7-14-ը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադան պետք է ամռանը տեղի ունենար Վիլնյուս քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց:
Օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 250 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է հինգ մասնակիցներով, որոնք Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սաներ են:
Օլիմպիադայի արդյունքներով 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Գյոլեցյանն արժանացել է ոսկե, իսկ Հակոբ Չախոյանն ու Ռուբեն Կարախանյանը՝ բրոնզե մեդալների: Ի դեպ, Արտաշես Գյոլեցյանը հոկտեմբեր ամսին ոսկե մեդալի էր արժանացել նաև աստղագիտության միջազգային օլիմպիադայում:
ՀՀ թիմը ղեկավարել է Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Նշենք նաև, որ սա ֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ձեռք բերած երկրորդ ոսկե մեդալն է։