Գիտնականները հայտնել են անսպասելի ակնաբուժական ախտանիշի մասին, որը կարող է ցույց տալ թոքերի քաղցկեղը
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են անսպասելի ակնաբուժական ախտանիշի մասին, որը կարող է ցույց տալ թոքերի քաղցկեղը

Ոչ հստակ կամ կրկնապատկված տեսողությունը, ինչպես նաեւ վերին կոպի իջնելը, բբի նեղացումը, ակնախնձորի ներս ընկնելը որոշ դեպքերում կարող են լինել թոքերի քաղցկեղի ախտանիշներ, պնդում են Ամերիկայի Թոքերի քաղցկեղի կենտրոնների մասնագետները:

Թոքերի չարորակ ուռուցքի վաղ ախտանիշներ են համարվում հեւոցը եւ թեթեւ հազը, հայտնում է Daily Express պարբերականը: Հիվանդության զարգացմանը զուգահեռ այս ախտանիշները դառնում են ավելի ծանր եւ ինտենսիվ, ինչպես նաեւ տարածվում են այլ օրգանների վրա: Այսպես՝ թոքերի ոչմանրբջջային քաղցկեղը հաճախ սկսվում է բրոնխներում, այնուհետեւ տարածվում է օրգանիզմի այլ հատվածների վրա եւ ախտահարում նյարդերը:

Գիտնականների խոսքով՝ քաղցկեղ կարող է առաջացնել նաեւ Գորների համախտանիշը, որը սիմպատիկ նյարդային համակարգի ախտահարում է եւ արտահայտվում է վերին կոպի իջնելով, բբի նեղացմամբ, ակնախնձորի ներս ընկնելով, ինչպես նաեւ դեմքի ախտահարված մասում քրտնարտադրության բացակայությամբ:

Եթե տարածվող բջիջներն ախտահարում են գլխուղեղը կամ ողնուղեղը, ապա ախտանիշները կարող են ներառել ոչ հստակ կամ կրկնապատկված տեսողությունը:

Թոքերի ոչմանրբջջային քաղցկեղը թոքերի քաղցկեղի ամենատարածված ձեւն է, որը կազմում է ԱՄՆ-ում ամեն տարի ախտորոշվող թոքերի քաղցկեղի գրեթե 230 հազար դեպքերի մոտ 85-90 տոկոսը: Թոքերի քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը շարունակում է մնալ ընդամենը 10-20 տոկոսի մակարդակում:

news.am