Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի մինչև հունվարի վերջ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Այս երթուղիները նախկինում գործողներն են, բավականին ակտիվ և բանուկ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով սկսել են չշահագործվել մասնավորի կողմից։ Այդ երթուղիները կգործեն որոշ փոփոխություններով։ Այս պահին տարվում են նախապատրաստական աշխատանքները, ավտոբուսները կահավորվում են GPS համակարգերով և տեսախցիկներով, տեղի է ունենում նաև արտաքին ձևավորում»,- նշեց Կարապետյանը։
Պատասխանելով վարորդների վերաբերյալ հարցին, քաղաքապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ նրանք կրելու են համազգեստ, դրանց դիզայնը նույնպես հայտնի է, և այն արդեն կարվում է։
Կարապետյանն ասաց, որ երթուղիները լինելու են երեքը և առաջիկայում կնշվի դրանց շահագործման հստակ օրը, ներկայում փաստաթղթերի ձևակերպման հետ կապված գործընթացներ են։
Առաջին երթուղին սպասարկելու է Շենգավիթ վարչական շրջանից մինչև Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամաս ընկած հատվածը։ Երկրորդը՝ հարավ-արևմտյան թաղամասը կապելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 8-րդ հիվանդանոցի հարակից տարածքի հետ։
«ՀԱԹ-ից դեպի 8-րդ հիվանդանոց ճանապարհահատվածը շատ հայտնի երթուղի է, ուսանողներն են շատ հաճախ այս երթուղուց օգտվում։ Երրորդ գիծն էլ Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» կոչվող թաղամասը կապելու է Նորք Մարաշ վարչական շրջանի հետ։ 3 գիծն էլ իրար հետ կապվելու են Կենտրոն վարչական շրջանի տարածքով»,- նշեց Կարապետյանն ու հավելեց, որ արդեն ներկրված 100 ավտոբուսից 40-ը կլինի երկրորդ խմբաքանակում, ևս 30-ն էլ երրորդում։ Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի` դրանք կսկսեն շահագործվել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։
Քաղաքապետի մամուլի խոսնակը նաև շեշտեց, որ մրցույթի է դրվել միջին դասի (8,5 մետրանոց) 160 ավտոբուսի գնման գործընթացը, և կա որոշակի հավանականություն, որ այդ թիվը կարող է մեծանալ։ Ընթացքի մեջ է նաև ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացը, որը չէր կայացել 2020 թվականին։
Կարապետյանը շեշտեց, որ սակագնի փոփոխություն չի լինի, սկզբնական շրջանում, վճարման եղանակն ինչպես եղել է, այդպես էլ կմնա։
«Ինչպես մինչ այժմ մարդիկ վճարել են 100 դրամ և երթևեկել, այդպես կշարունակվի սկզբական շրջանում։ Որոշ ժամանակ անց կստեղծվի էլեկտրոնային միասնական վճարման համակարգ»,- ասաց Կարապետյանը։
Քաղաքապետարանի ենթակայության «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հավաքագրում է «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդների։
Կարապետյանի խոսքով՝ նոր տրանսպորտային համակարգում աշխատող վարորդները պետք է ունենան պատշաճ արտաքին տեսք, ինչպես նաև ուղևորներին սպասարկելու համար այլ ունակություններ։
Լիլիթ Դեմուրյան