Ռուսական ազնվական դաստիարակության մասին լեգենդներ մինչ այսօր էլ շրջում են, և դրանցից մի քանիսը հասել են նաև մինչ մեր օրեր:
Որպես կանոն՝ ռուս ազնվականներն անհանգստանում էին ոչ միայն իրենց ներաշխարհի, այլև արտաքին աշխարհի համար: Նրանք միշտ շրջում էին զուգված- զարդարված ու կոկիկ: Որոշակի կանոններ, իհարկե, չկան, թե ինչպես հասնել դրան: Բայց ամեն դեպքում, կարելի է առանձնացնել մի քանի առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել հասնել ազնվական կարգավիճակի:
- Սեփական արժանապատվության զգացում
Ծնված իսկ պահից երեխային ներշնչում էին, որ ինքն ազնվական է: Հենց այդ պատճառով էլ նա պետք է համապատասխանի ազնվականի բոլոր որակներին: Օրինակ, պետք է դրսևորի խիզախություն, ազնվություն, կրթություն ստանա ոչ թե կարգավիճակի, այլ իր համար: Բայց պատիվը երբեմն այն չէր բերում, ինչ պետք է բերեր: Սեփական արժանապատվության զգացումն ազնվականին փոքր-ինչ թուլացնում էր: Երբեմն նա ազնիվ խոսք էր տալիս սպանել իրեն վատ արարքի կամ սխալ որոշման համար, ու անում էր դա:
- Խիզախություն
Ազնվականները մեծ ուշադրություն էին դարձնում խիզախությանը և նույնիսկ այն մարզում էին զանազան վարժություններով: Պատանիներն իրենց խիզախությունն ապացուցում էին պատերազմի, մենամարտերի ժամանակ կամ էլ բանակում ու նավատորմում: Աղջիկները նույնպես պետք է խիզախ լինեին:
- Ֆիզիկական ուժ ու ճկունություն
Ազնվականները զբաղվում էին ֆիզիկական վարժություններով, սովորում էին ձի հեծնել, լողալ ու սուսերամարտել: Իրենց ֆիզիկական ունակությունները մարդիկ ցուցադրում էին ու հպարտանում դրանցով: Որսի ու ձիավարության ժամանակ տղամարդը կարող էր ցուցադրել իր կարողությունները: Բացի դրանից, համարվում էր, որ ցանկացած պահի երիտասարդը կարող էր համաձայնել իսկապես կարևոր պատճառով հարուցված մենամարտի:
- Ինքնատիրապետում
Ինքն իրեն զուսպ պահել կարող են ոչ բոլորը: Իսկ ազնվականը պետք է ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանար վերահսկել իր զգացմունքները ու շարունակեր գործել: Չէ՞ որ իրենց դեռ մանկությունից սովորեցրել են, որ արցունքները, չափից առավել սենտիմենտալությունն ու էմոցիաները չեն զարդարում տղամարդուն, այլ միայն ցույց են տալիս նրա թուլությունը:
- Արտաքին տեսք
Բացի լավ կրթությունից, ազնվականը նաև կատարյալ արտաքին տեսք պետք է ունենար, մաքուր լիներ: Բայց դա նրանք նախ և առաջ պետք է անեին ոչ թե իրենց համար, այլ իրենց շրջապատող մարդկանց, մտերիմների հանդեպ հարգանքից ելնելով: Նրանց հագուստը պարզ էր, բայց շատ թանկ: Ազնվականները որոշակի շքեղության հասնելու համար առասպելական գումարներ էին ծախսում:
- Մարդկանց գրավելու հմտություն
Ազնվականները չէին ուզում, որ իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին որ իրենք կան իրականում: Նրանց համար կարևոր էր դուր գալ մարդուն ու նրան գրավել: Նույնիսկ այդպիսի գիտություն կար, որը բացատրում էր, թե ինչպես գտնել մարդկանց հանդեպ ճիշտ մոտեցում: Առաջին կանոնները վերաբերում էին վարքագծին՝ մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կուզես, որ քեզ վերաբերվեն, իսկ ամենավերջում ասվում էր այն մասին, որ պետք է ուսումնասիրել մարդուն, նրա վարքագիծը, հարմարվել նրա ունակություններին ու արտահայտել զգացմունքները: Նույնիսկ ամենավատ ընկերախմբում ազնվականը պետք է ցույց տար, որ հետաքրքրված է այդ մարդկանցով, զրուցակցի նկատմամբ հարգալից լիներ, լսեր նրան մինչև վերջ ու ընդուներ վերջինիս տեսակետը, որը կարող էր տարբերվել իր տեսակետից: Այս ամենը ոչ միայն օգնում էր հասարակության մեջ որոշակի հեղինակություն ձեռք բերել, մարդկանց գրավել, այլև պահպանում էր ազնվականների նյարդերը:
- Համեստություն
Տղամարդը կամ կինը չպետք է լինեին ամաչկոտ կամ կծկված: Համեստությունն իր մեջ ներառում էր սեփական ամուսնու կամ կնոջ հանդեպ լավ ու զուսպ վերաբերմունքը: Նույնիսկ մի մարդու կողմից հնչող բազմաթիվ հարցերին ազնվականը պարտավոր էր պատասխանել հանգիստ ու զուսպ տոնով:
- Գեղեցիկ խոսելու կարողություն
Կարևոր էր կարճ ու լակոնիկ խոսել, քերականորեն ճիշտ նախադասություններ կազմել, բայց երկար չխոսել: Նույնիսկ միմյանց կոպտելիս ազնվականներն իրենց կոռեկտ էին պահում: Բացի դրանից, ազնվականներն իրենց խոսքը տեղին պետք է շարադրեին, և դա դրսևորվում էր գյուղացիների ու իշխանների հետ ընդհանուր լեզու գտնելու ժամանակ:
Չնայած այս կանոններին՝ ազնվականի կերպարը թեթև ու պարզ էր: Չափանիշերն ու կանոնները փոխանցվում էին ժառանգաբար, ծնողներն աշխատում էին իրենց փորձը փոխանցել երեխաներին, նրանց սովորեցնել լավագույնը:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը