Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները առաջարկել են մի միջոց, որով կարելի է որոշել, թե COVID-19-ով տառապող որ պացիենտների մոտ է բարդությունների եւ մահվան առավելագույն ռիսկը: Այս մասին հաղորդվում է JCI Insight-ում հրապարակման համար ընդունված հոդվածում: Այն այժմ հասանելի է նախապրինտային bioRxiv պահոցում:
Ուսումնասիրության ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակված 97 պացիենտներից վերցվել է արյան պլազմա՝ ազատորեն շրջանառվող միտոքոնդրիալ ԴՆԹ-ի (mtDNA) հայտնաբերման համար: mtDNA-ն ծառայում է որպես վիրուսային վարակի եւ իմունային խիստ պատասխանի հետեւանքով բջիջների մահվան ցուցանիշ: Այն պատկանում է, այսպես կոչված, վնասվածքների հետ կապված մոլեկուլյար հատվածներին (damage associated molecular patterns, DAMPs): Ինչպես պարզվել է, mtDNA-ի մակարդակը կտրուկ բարձրանում է սեփսիսի, հեմոռագիկ շոկի եւ իշեմիայի ժամանակ:
Գիտնականները պարզել են, որ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մակարդակը բարձր է այն հիվանդների մոտ, որոնք, ի վերջո, ընդունվել են վերակենդանացման բաժանմունք, եւ ունեն նաեւ վաղ մահվան մեծ ռիսկ: Այս կապը կախված չէ հիվանդի տարիքից, սեռից կամ քրոնիկ հիվանդություններից: Միջինը mtDNA մակարդակը 10 անգամ ավելի բարձր է եղել նրանց մոտ, ովքեր ունեցել են թոքերի ծանր դիսֆունկցիա կամ մահացել են բարդություններից: MtDNA-ի քանակի աճը 6 անգամ բարձրացրել է ինտուբացիայի անհրաժեշտության ռիսկը, 3 անգամ՝ վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու ռիսկը: Ընդ որում՝ մահվան ռիսկն աճել է 2 անգամ:
Միտոքոնդրիալ ԴՆԹ թեստը ավելի լավ է կանխատեսել պացիենտների վիճակը, քան համակարգային բորբոքում նշող այլ մարկերների հետազոտությունները: Նաեւ mtDNA-ն ցուցադրում է բջիջների մահվանը հատուկ եւ պացիենտի կյանքի համար սպառնալիք ներկայացնող բորբոքում: Բացի այդ, թեստը չի պահանջում բարդ եւ թանկարժեք սարքավորումներ ու կարող է իրականացվել նույնքան հեշտ եւ արագ, որքան ՊՇՌ թեստը: Սակայն արժե անցկացնել մեթոդի ավելի մեծ փորձարկում՝ նախքան FDA-ի հավանությունը ստանալը: