Shamshyan.com-ը գրում է․
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեում կարճվել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոի» սպանության և ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործերը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին Հ․ Ղարագյոզյանը, իր մոտ եղած ատրճանակով Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանել էր Կ․ Կարապետյանին, իսկ հաջորդ օրը նրան հայտնաբերել էին Կոտայքի մարզի շինություններից մեկում՝ մահացած։ Դիակի մոտ հայտնաբերվել էր ատրճանակ։
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով արդեն հետախուզում է հայտարարվել հանրությանն հայտնի «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի Թումանյան փողոցի 32/1 հասցեի բնակիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 59-ամյա Հարություն Ղարագյոզյանի նկատմամբ:
Սպանության օրը, ժամը 22:00-ի սահմաններում Հ. Ղարագյոզյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, «Յուվեցի Կարո» մականվամբ 58-ամյա Կարո Կարապետյանը և Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի բնակիչ, 57-ամյա Սարգիս Ավագյանը հանդիպել են նշված ռեստորանային համալիրում, որտեղ ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ:
Ս. Ավագյանը «ձախ թուլակողի շրջանի հրազենային վնասվածք և աջ ձեռքի դաստակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նախ տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կ. Կարապետյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ռեստորանային համալիրի կուպեներից մեկում վիճաբանության ժամանակ Հ. Ղարագյոզյանը «Բերետտա» տիպի ատրճանակով կրակել է Կ. Կարապետյանի և Ս. Ավագյանի ուղղությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու դատախազության ծառայողները ռեստորանի կուպեում հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացվող «Բերետտա» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 6 չկրակված փամփուշտներով, 1 գնդակ և 4 կրաված պարկուճ:
Հայտնաբերվածը քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
2018 թվականի հոկտեմբերի 7-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող քարի արտադրամասերից մեկի վարչական շենքի 2-րդ հարկի հյուրասենյակում հայտնաբերվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ, Երևան քաղաքի բնակիչ Հարություն Ղարագյոզյանի դին: Ոստիկաններն ու քննիչները բազմոցի վրա հայտնաբերել են Հ. Ղարագյոզյանի դին՝ ձեռքին էլ ոսկեգույն ատրճանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել: