ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին: Մելիքյանը նշեց, որ Քննչական կոմիտեն չի պնդել, որ Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել է, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերևույթ դեպքի առթիվ, որովհետև այդ պահին այլ հոդվածով չէր կարող գործ հարուցել:
«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,- ասաց նա:
Հարցին, թե նոր հանգամանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը նշեց, որ հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողությունների արդյունքներով, այլ նաև փորձաքննության:
Մելիքյանը քրգործի տեւողությունը պայմանավորեց դրա ծավալով և փորձաքննությունների կատարման ժամկետներով, միաժամանակ ընդգծելով, որ տեղի է ունեցել ինքնասպանություն:
Գեորգի Կուտոյանի հետ կապված դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի հունվարի 17-ին: