«Բոլորդ կհիշեք, թե ինչ զավեշտալի ֆլեշմոբ սկսվեց «Իմ քայլը» դաշինքում օրեր առաջ, երբ հերթական մանդատակիրը դուրս եկավ խմբակցությունից. մի քանի այլ մանդատակիրներ սկսեցին իդենտիկ թեզ առաջ տանել այն մասին, որ իրենց լքած թիմակիցը դաղալ է: Դաղալ է, որովհետև, իմանալով, որ Նիկոլի ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր, քան ինքը, մանդատը չի վերադարձնում դրա իրական տիրոջ՝ Նիկոլի տիրապետության տակ: Զավեշտալի թեզ է, բայց ոչ նրա համար, որ սուտ է: Ավելին՝ մաքուր ճշմարտություն է: Զավեշտն այն է, որ «Նիկոլի ուսապարկ» եզրույթը դեռ անցած գումարման ԱԺ-ում Աշոտյանն էր երկնել, ու այն մարդիկ, ովքեր այսօր մոլեռանդորեն պայքարում են, որպեսզի հիմնավորեն, որ իրենք բոլորը «Նիկոլի ուսապարկի» չափ էլ չկան, այն ժամանակ նույնքան մոլեռանդորեն պայքարում էին Աշոտյանի ասածի դեմ ու պնդում էին, որ իրենք որևէ դեպքում ուսապարկ չեն, ու ժողովուրդը հենց իրենց է վստահում, որովհետև «անփորձ են»
Ինչպես տեսաք, ժամանակներն անցնում են, ու մարդիկ սկսում են հասկանալ, որ «Նիկոլի ուսապարկ» լինելն այդքան էլ վատ բան չէ, ու ըստ էության, խոստովանում են, որ մերօրյա Կալիգուլայի Ինցիտատի՝ ուսապարկի կարգավիճակում են, նույնիսկ մեկ լեվլ ցածր, որովհետև միաբերան պնդում են, որ Ինցիտատ-ուսապարկն իրենցից յուրաքանչյուրից ավելի շատ ձայն կհավաքեր ընտրություններում: Զավեշտալի է նաև այն, որ հատկապես վերջին օրերին քայլական մանդատակիրներն իրոք ավելի ու ավելի են նմանվում ուսապարկերի. նրանց մեջ լցնում են պատասխանատվության բեռ, որովհետև ուսապարկը բեռ կրելու համար է, ու նրանց թույլ չեն տալիս խոսել (բացի այն դեպքերից, երբ հանձնարարվում է ինչ-որ փառահեղ ախմախություն դուրս տալ), որովհետև ուսապարկերը սովորաբար չեն խոսում: Արդյունքում ունենք իրավիճակ, երբ Ինցիտատ-ուսապարկերը ստիպված են կրկնել բոլոր այն ցնդաբանությունները, որոնք ասում է Կալիգուլան, ու բերանները ջուր առնել ամեն անգամ, երբ իրենց անհարմար հարցեր են տալիս, օրինակ, «երբեք այսքան գերի հետ չենք բերել», «Շուշին դժգույն ու դժբախտ (երեկվանից՝ նաև «ադրբեջանական քաղաք էր», «Նիկոլը փրկեց 20000-100500 զինվորի կյանք» ցնդաբանական թեզերի վերաբերյալ:
Մի խոսքով՝ բարդ է Ինցիտատ-ուսապարկերի կացությունը, որովհետև իրական Ինցիտատին կարելի էր Կալիգուլայից հետո օգտագործել որպես ձի, քանի որ ձի էր, Նիկոլի ուսապարկն էլ կարելի է օգտագործել (լավ լվանալուց հետո), որովհետև ուսապարկ է, իսկ քայլական մանդատակիրը ո՛չ ձի է, ոչ էլ անգամ ուսապարկ, և այս 3 տարում, վնասից բացի, այլ օգուտ չեն տվել: Վնաս, որի համար պատասխան պետք է տան, որովհետև ո՛չ ձի էին, ո՛չ ուսապարկ, որքան էլ փորձում են հիմա համոզել մեզ դրանում»: