
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը եւ անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը, նրան վերականգնել նախկին աշխատանքում։
Վճիռը կայացրել է դատավոր Լիզա Գրիգորյանը։
Դատարանը որոշել է անվավեր ճանաչել նախարարի հրամանը, բավարարել հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու՝ Ամատունի Վիրաբյանի պահանջը, Վիրաբյանին վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:
Բացի այդ՝ դատարանը որոշել է նաեւ Արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, հօգուտ Ամատունի Վիրաբյանի՝ 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: