Երեխային պետք է դաստիարակել առանց ագրեսիվ տոնի ու ծեծի
Advertisement 1000 x 90

Երեխային պետք է դաստիարակել առանց ագրեսիվ տոնի ու ծեծի

«Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի հարցազրույցը «Բանալի» ընտանիքի կենտրոնի համահիմնադիր, հոգեբանական գծով տնօրեն, հոգեթերապևտ, մանկական հոգեբան Նարինե Իսրայելյանի հետ:

Տարիքային ճգնաժամ, վախի զգացում. ինչպե՞ս կբնութագրեք այս երևույթները հատկապես նախադպրոցական երեխաների դեպքում:

Ճգնաժամային տարիքը երեխաների մոտ արտահայտվում է երկու, երկուսուկես տարեկանում, երբ արթնանում են ինքնուրույնության ցանկություններ: Երեխաները կա՛մ վարքով, կա՛մ խոսքով մայրերին ասում են. «դու մի՛ ասա, դու մի՛ արա, ես՝ ինքս». այս դեպքում երեխան որոշակիորեն մերժում է մեծի միջամտությունն իր կյանքում: Եթե երեխայի այդ կայուն ասելիքը՝ «ես ուզում եմ սովորել, ինքնուրույն անել»-ը, մերժվում է և բացասական հարաբերություն է ձևավորում երեխայի և մեծահասակի միջև, երեխաները սկսում են վախենալ պատժից, և եթե պատժվելու վախը պարբերաբար կրկնվում է, հաստատվում «այս ինչ վատ, չար երեխա ես» պիտակներով, երեխայի մոտ ձևավորվում է ինքնագնահատականի անկում: Դրան կարող է ավելանալ այսպիսի կենցաղային՝ «կթողնեմ կգնամ, չե՛ս ունենա, կզրկե՛մ» պատժիչ բնույթի խոսքային վերաբերմունքը երեխաների նկատմամբ, և այդ դեպքում վախն ավելանում է: Երեխաների մոտ վախից ձևավորում է ընկճվածություն, նրանք փակվում են, չեն շփվում, դառնում են միայնակ, այդ միայնության մեջ նյարդային վարք են դրսևորում, ագրեսիվանում, չեն կառավարում իրենց բարկության, նեղության բացասական զգացումը:
Երեք տարեկանից հետո երեխայի մոտ համակցվում է սեռակառուցման տարիքը, երբ երեխան հասարակության մեջ ոչ թե կառուցում կամ ձևավորում է իր սեռը, այլ հաստատում է բնությունից իրեն տրված սեռը, և այս դեպքում էլ նրա համար կան դժվարություններ՝ դա հաստատելու, ապացուցելու առումով:

5-6 տարեկանում երեխաները պետք է արդեն շատ գիտակցված արտահայտեն, թե ի՞նչ են զգում, ինչպե՞ս են բարկանում, ուրախանում: Այդ տարիքում պետք է լինի ոչ թե վախ, զգուշություն և ուշադրություն: Յոթ տարեկանին մոտ երեխան պետք է արդեն որոշակի հոգեկան մղումների կրող լինի:

Երեխաների վախերը ձևավորվում են իրենց մասին մեծերի խոսքի, ծնողների խոսքային, բնութագրային եզրահանգումների հիման վրա: Շատ կարևոր է, թե ծնողներն ի՞նչ խոսքերով են ուղղորդում երեխային՝ իր հոգու ճանաչման այդ շատ կարևոր, ճգնաժամային տարիքում:

Երեխայի վախերի հաղթահարմանը զուգահեռ ի՞նչ քայլեր պետք է անի ծնողը հատկապես հոգևոր դաստիարակության հարցում:
Ես կարծում եմ, որ պետք է օգնել երեխաներին զարգացնել ի սկզբանե բնությունից տրված կարողությունները, կարողանալ դրանք արտահայտել լավի, գեղեցիկի, ուժեղի միջոցով: Քրիստոնյա մարդու դերն ու տեղն իմանալու, դրական կերպար կերտելու հարցում կարևոր է ծնողների օրինակը: Անձնապես ես ինքս՝ որպես քրիստոնյա, առաջնորդվում եմ լավ մարդ լինելու չափանիշներով, իսկ թե արդյո՞ք հաջողվում է բարկության, հուզմունքի պահերին չվիրավորել դիմացինին՝ պայմանավորված է արդեն տարիքով և կենսափորձով: Այս հարցում իմ մասնագիտական սահմանները տեսնում եմ ավելի շատ այդ տարիքի երեխաներին օգնելով ճիշտ ճանաչել իրենց զգացումները, սովորել դրանք այնպես արտահայտել, որ կողքի երեխան, մեծահասակը չվտանգվեն: Դրանք պարզ աղերսներ ունեն մեր հավատքի հետ. ինչպիսի՞ն պիտի լինել, որ դիմացինը չտուժի, այլ հակառակը՝ լինել դիմացինի համար ընդունելի, օրինակելի մարդ:

Ինչպե՞ս երեխաներին դրական տրամադրել տարբեր երևույթների հանդեպ առանց ագրեսիվ տոնի կամ «չի կարելի»ների, երբ ծնողը նյարդային է, իսկ երեխան՝ կամակոր:

Դա անձնական ինքնաճանաչման գնահատականի խնդիր է, որն ամեն մեկս մեր մեջ ունենք: Դա անկարողությունից է լինում, երբ ծնողն անկարող է տվյալ իրավիճակում: Անկարողության դեպքում վախենում ենք և վախից որոշում ավելի պատժող լինել: Երբ ծնողը գիտակ է, պատրաստված, հասկանում է իր երեխային, և անգամ երեխայի բացասական վարքը նրա համար բացատրելի է, պարզ է, որ նա խուճապի չի մատնվի և կկարողանա ավելի հանգիստ, իրեն չմեղադրելով բացատրել:

Մենք բարկանում ենք այն ժամանակ, երբ ասում ենք «ես սա չե՛մ կարող, թո՛ւյլ եմ, ես այստեղ վա՛տն եմ», բարկանում ենք մեզ վրա և արդեն՝ նաև դիմացինի վրա: Ծնողը պետք է երեխա դաստիարակելու գիտելիք ունենա, իմանա, թե ինչպիսի՞ մասնագետների և կառույցների հետ շփվել՝ իր երեխային առողջ և ապահով մեծացնելու համար: Այս դեպքում արդեն ժամանակ չի ծախսի երեխայի վրա բարկանալու համար, այլ կփորձի իր գիտելիքը փոխանցել երեխային՝ համագործակցելով նրանց հետ, ովքեր իրեն կօգնեն այդ հարցում:

Հարաբերության մեջ ընդունելի է, երբ ծնողն ու երեխան որոշում են միասին հաղթահարել որոշակի խնդիրներ, այլ ոչ թե միմյանց հակառակվել այն իրավիճակում, երբ մեկը պետք է լինի պատժող, մյուսը՝ պատժվող: Այս դեպքում երկուսն էլ իրենք իրենց դուր չեն գա, նյարդային դրսևորմամբ պայմանավորված՝ երկուսն էլ կարող են ագրեսիվանալ, կամ էլ մեկը կագրեսիվանա, մյուսը՝ կխեղճանա. սխալ վերապրվող բացասական զգացումների դաշտ է ստեղծվում:

Իսկ երբ ծնողն ունի երեխայի հետ հաղորդակցության բավարար գիտելիք, սակայն երեխայի անսպասելի հարցերին երբեմն չի պատասխանում և փոխո՞ւմ է թեման, օրինակ, մի շարք հոգևոր հարցերի դեպքում. ո՞վ է ստեղծել աշխարհը, ինչպե՞ս, ինչո՞ւ 

Մենք քրիստոնյա ենք և մեր որոշակի պահվածքով, դրսևորումներով պետք է կարողանանք մեր կրոնը մատչելի խոսք դարձնել և փոխանցել երեխաներին:

Երեխային հարցից շեղելը ճիշտ չէ: Եթե երեխան արդեն տվյալ հարցն ունի, կարելի է գոնե ասել. «Գիտե՞ս, ես էլ չեմ կարող քեզ պատասխանել, որովհետև այդ հարցի պատասխանը լիարժեք չգիտեմ, արի միասին հետաքրքրվենք ու գտնենք տեղը, թե որտեղից կարող ենք ճիշտ պատասխանն իմանալ»: Ավելի լավ է ծնողը երեխային այսպես պատասխանի, քան շեղի տրված հարցից: Շեղելու դեպքում կարող է առաջանալ երկու անհանգստություն.

• ըստ երեխայի` ծնողը թույլ է, անկարող է, եթե չի կարողանում պատասխանել,

• կամ` այն, ինչ պիտի ծնողը ասի, այնքան վախենալու է, որ նա չի ուզում խոսել այդ մասին:

«Արի միասին ուսումնասիրենք» պատասխանը որոշակի է և կօգնի խուսափել անհանգստություններից:

Շատ կարևոր է նաև գիտելիքի փոխանցումը հեքիաթների, աստվածաշնչյան պատումների միջոցով: Արդյո՞ք դրանց նույնքան ժամանակ է հատկացվում, որքան համակարգչային խաղերին:

Ցավոք, մենք համակարգչային խաղերի խնդիրն ունենք ոչ միայն հոգեբանական բարդույթներ, այլ նաև հետո հոգեկան ծանր հիվանդություններ ունեցող երեխաների մոտ: Տարիքն անցնում է և հետո այդպես էլ չի ստացվում երեխաներին ինտեգրել հասարակության մեջ, որովհետև այդ անպատասխան և որոշակիորեն վերացական գիտելիքը, որ նրանք ստանում են համակարգչից, հեռուստատեսությունից և որն ուղեկցված չի մեծահասակի մատչելի մեկնաբանությամբ, զտմամբ՝ թե ո՞րն է լավը, ո՞րը՝ վատը, հանգեցնում է նրան, որ երեխաների մոտ ձևավորվում են վախեր, և վախից՝ փախուստ ռեալ կյանքից: Նրանք միշտ պատրաստ են այդ վատ բաները համակարգչով դիտել, իրենց ավելի ապահով են զգում որպես վերացական դիտորդ, քան՝ ռեալ ապրող: Շատ կարևոր է օրորոցային երգել, հեքիաթներ, լեգենդներ, պատումներ պատմել երեխային, տալ հոգևոր գիտելիք՝ որպես մշակույթ, որն ավագ սերունդը փոխանցում է հաջորդ սերնդին: Ափսոս, որ այդ ամենին հիմա ավելի հաճախ փոխարինում են համակարգիչները: Սրանից նաև երկու բարդույթ է առաջանում.

• պակասում է միջանձնային շփումն ընտանիքներում,

• ձևավորվում է կախվածություն վերացական գիտելիքից:

Ծնողները բազմազբաղ են, և երեխայի դաստիարակությամբ զբաղվում են տատիկը կամ դայակը. ի՞նչ անել, որ կամուրջներ չստեղծվեն ծնողերեխա շփման մեջ:

Եթե մայրերն աշխատում են, և միևնույնն է՝ ուրիշ մեծահասակներ են մասնակցելու երեխայի դաստիարակությանը, ուրեմն պետք է լինի գոնե միասնաբար մշակված և ուղղորդված դաստիարակություն: Դայակը, տատիկը կամ դաստիարակը, ով կմասնակցի երեխայի զարգացման գործին, պիտի մայրիկի հետ միասնական լինի այն արժեքների շուրջ, որոնք պիտի փոխանցվեն երեխային: Եթե մայրը և նրա օգնականները պատրաստ են միասին տեսնել մարդուն դրական զարգացման տանող ճանապարհները, ապա ստանում ենք դրական արդյունք, իսկ երբ ամեն մեկն իրենն է ասում, միմյանց հակասում են, ամեն մեկն իր կողմը տանող դաշտ է ստեղծում երեխայի համար, նրա մոտ անկարողության վախեր են ձևավորվում, այլ ոչ թե դրական ինքնագնահատական:

Արգելքը ևս կարող է ձևավորել թերարժեքության բարդույթ. ինչպե՞ս դուրս բերել երեխային այդ հոգեվիճակից առանց պատժի, ծեծի:

Ծեծը բոլորովին չեմ ընդունում և գտնում եմ, որ ծեծը ոչ մի դրական արդյունք չի տալիս, որովհետև դա և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական վախեր է ձևավորում ծեծվողի մոտ, իսկ այն դեպքում, երբ պատիժն ամեն դեպքում պետք է լինի, կարծում եմ, որ պատիժը պետք է լինի ափսոսանքի, զրկանքի միջոցով, օրինակ՝ ասելով. «Այ, դու այսպիսի վատ բան արեցիր, ես շատ նեղվեցի և ափսոսացի, լինելով շա՜տ լավ բալիկ՝ դու այսպիսի վատ բան արեցիր, ու ես շատ եմ ափսոսում, շատ նեղված եմ, դրա համար էլ հիմա քեզ համար լավ բան չեմ կարող անել»:

Այսպիսի զրկանքն անպայման երեխային կօգնի իմանալ, որ

• ինքը լավն է, ինքը չէր կարող այդ վատ բանն անել,

• ինքն այնպես հուսահատեցրեց իր սիրելի ծնողին, որ նա չի ուզում լավ բան անել իր համար,

• ինքը պետք է լավ բան անի, որ մայրն ուրախանա:

Սա վատ վարքից դուրս բերելու շատ ավելի ճիշտ ճանապարհ է, քան շատ դեպքերում ընդունված տրադիցիոն ծեծը, անպատիվ, վիրավորող պիտակավորող բառերը:

Եթե երեխայի մոտ հաստատում ենք իր վատը լինելը, ուրեմն նրան վատ բան անելու իրավունք ենք տալիս:

Զրուցեց Նարե Ոսկանյանը

qahana.am