Կորոնավիրուսի պանդեմիան լրջագույն ազդեցություն է ունեցել ոչ միայն ժամանակակից մարդու կենսակերպի, այլ նաեւ նրա արտաքինի վրա: Այս մասին հայտնում է The Sun ամսագիրը:
Glowdays կոսմետիկական ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փակ տարածքում երկար մնալը վատացնում է մաշկի գույնը: Նման խնդրի հետ շատերն են բախվում:
«Դա տեղի է ունենում D վիտամինի պակասի, տան ջեռուցման եւ համակարգիչների ու սմարթֆոնների առջեւ երկար նստելու պատճառով»,-ասել է Cosmedics կոսմետոլոգիական կլինիկաների ցանցի բժշկական ծառայության տնօրեն Ռոսս Պերրին:
Skingredients մաշկի խնամքի բրենդի հիմնադիր Ջենիֆեր Ռոքը հայտնել է, որ այդ վիտամինի պակասը հանգեցնում է ոչ միայն մաշկի գույնի վատացման, այլ նաեւ մի շարք մաշկային հիվանդությունների, այդ թվում՝ էքզեմայի եւ փսորիազի:
Նրա խոսքով՝ պետք է ամեն օր օգտագործել վիտամին D-ի առնվազն 10 միկրոգրամ մեկ տարվա ընթացքում:
Նաեւ հաստատվել է, որ կենտրոնական ջեռուցման պատճառով մարդիկ բողոքում են քթի եւ շուրթերի չորությունից: Ռոքը պնդել է, որ դա կապված է օդի ցածր խոնավության հետ:
Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել շատ մթերքներ, որոնք հարուստ են անփոխարինելի ճարպաթթուներով, օրինակ՝ սաղմոն, ընկույզ եւ կտավատի սերմեր:
Պանդեմիայի ֆոնին մեկ այլ մաշկային խնդիր են բշտիկները:
«Սթրեսն օրգանիզմին ստիպում է հորմոններ արտադրել, ինչպես օրինակ՝ կորտիզոլ, որը հանգեցնում է ծակոտիների խցանման: Բացի այդ, բորբոքումները կարող են առաջանալ լարված տնային վիճակի, վատ սննդակարգի եւ ալկոհոլի չարաշահման պատճառով»,-ասել է Պերրին:
Այդ խնդրի լուծման համար մասնագետը խորհուրդ է տալիս երեսը լվանալ առավոտյան եւ երեկոյան եւ մաքրող միջոցներ օգտագործել:
Եվս մեկ խնդիր է նշվել արագացած ծերացումը, որին նպաստում է էլեկտրոնային սարքերից ճառագայթումը:
Խնդրի լուծման համար մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել ժամանակը սմարթֆոնների առաջ: