Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակումը
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակումը

Ամբողջ աշխարհում մեծ արագությամբ տարածվում է կորոնավիրուսի, այսպես կոչված, «բրիտանական շտամը». ԱՀԿ վերջին տվյալներով՝ այն արդեն գտել են աշխարհի 33 երկրներում: Կարծիք կա, որ դեկտեմբերի 19-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված շտամը ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս շտամները:

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության վարչությունը (ONS) հաշվետվություն է հրապարակել ախտանիշների վերաբերյալ, որոնք հատուկ են B117 տարբերակին, որը կոչվում է «բրիտանական շտամ»:

ONS-ի հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայի բնակիչների հարցումների տվյալների հիման վրա, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է նոյեմբերի 15-ից հունվարի 16-ը՝ հենց այս ժամանակահատվածում է նոր շտամը սկսել ակտիվորեն տարածվել երկրի տարածքում, հայտնում է Medportal.ru-ն:

Մասնագետների հարցումը ցույց է տվել, որ հազից գանգատվող մարդկանց թիվը զգալիորեն մեծացել է՝ հարցվածների 35 տոկոսն ընդդեմ ավելի վաղ եղած 27 տոկոսի: Մասնագետները նաեւ նշել են վարակվածների բաժնի մեծացումը, որոնք գանգատվում են կոկորդի ցավից, հոգնածությունից, մկանային ցավից: Իսկ ահա համի եւ հոտառության կորուստը SARS-Cov-2 նոր տարբերակով վարակվելու դեպքում զգալիորեն հազվադեպ է հանդիպում վիրուսի ավելի վաղեմի տարբերակների համեմատությամբ: Մինչդեռ գլխացավի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումների մասին հայտնած պացիենտների բաժինը չի փոխվել:

Ուորիք համալսարանի (University of Warwick) մոլեկուլային ուռուցքաբանության պրոֆեսոր Լոուրենս Յանգը նշել է, թե քանի որ SARS-Cov-2-ի նոր տարբերակն ավելի վարակիչ է, հավանաբար, վարակված մարդկանց վիրուսային բեռն ավելի մեծ է, ինչը կարող է ազդել ախտանիշների փոփոխության վրա:

news.am