Ասում է լոգոների մասնագետ Աշոտ Համբարձումյանը
Լոգո, լոգոտիպ տերմինը, որ վերջերս շատ է շրջանառվում, ժամանակի թելադրանք է։ Հունարեն «լոգոս» բառից առաջացած այս տերմինը, որ խորհրդանշում է որոշակի հավաքական իմաստ, կարող է հանդես գալ բառ-արտահայտությամբ, մականվան, պատկերի, երաժշտության տեսքով։ Այսպես ասում են մասնագետները։ Հայերը լոգոն թարգմանել են որպես ապրանքանիշ, այսինքն՝ «նիշ», որով մենք կարողանում ենք տարբերել բազմաթիվ նույնատիպ ապրանքները (ջերմուկներ, կոլաներ և այլն)։
Այսօր աշխարհի խոշոր կազմակերպությունները, հասկանալով, որ ասենք՝ խնձորը (Էփլ Մաքինթոշ), թռչնի բույնը (Նեսթլե) կամ պուման (սպորտային հագուստ) մարդկանց մոտ կոնկրետ ասոցիացիաներ են ստեղծում, մեծ կարևորություն են տալիս լավ լոգո ունենալուն և պատրաստ են մեծ գումարներ ծախսել դրա վրա։ Նույնիսկ այս առիթով կա ճապոնական մի արտահայտություն՝ «լոգոյի պատվիրատուն երբեք չի սակարկում գինը»։
Վերջին տարիներին Հայաստանում այս դաշտը նույնպես սկսել է զարգանալ: Իհարկե, մեծ գումարներից դեռ շատ հեռու ենք, սակայն այսօր մեզանում էլ կան մարդիկ, ովքեր բավական լուրջ ուսումնասիրություններ են կատարում սիմվոլների աշխարհում և ստեղծում լոգոներ տարաբնույթ կազմակերպությունների համար։
Գեղանկարիչ Աշոտ Համբարձումյանին շատերը ճանաչում են որպես թատերական նկարիչ, բազմաթիվ տոնահանդեսների բեմադրող նկարիչ։ Նրա ստեղծած ազգային տարազների էսքիզները հագնում են Հայաստանի և Սփյուռքի երգի, պարի կոլեկտիվները։ Մինչդեռ արդեն 10 տարի է, որ Աշոտ Համբարձումյանը մեծ աշխատանք է կատարում նաև լոգոների դաշտում։
«Մեր շրջապատը սիմվոլների մի ամբողջություն է՝ նյութի, երևույթի, գույնի, հնչյունների, կենդանական և բուսական աշխարհի ամենատարբեր դրսևորումներով»,- ասում է բազմաթիվ լոգոների հեղինակ Աշոտ Համբարձումյանը։ Նա մեզ պատմեց, որ լոգոտիպ հասկացությունը հազարամյակների ծագում ունի. երբ մարդը սկսեց երևույթները կիրառել, ընդհանրացնել քարանձավային պատկերների և հնչյունների միջոցով։ «Ամենամեծ էներգետիկ սիմվոլները այբուբենի տառերն են, որոնց համադրությամբ ստեղծվում են տարբեր անվանումներ և բառակապակցություններ։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ անունը նույնպես լոգո է (սիմվոլ) և իր մեջ ներառում է տառերի մեծ էներգիա։ Եթե հիշում եք, նախկինում Հայաստանում բոլորն իրենց երեխաներին երկու անուն են տվել, սակայն դիմել են մեկով: Իսկ երկրորդ անունը մնացել է գաղտնի և իր վրա ոչ մի կողմնակի ազդեցություն չի կրել։ Անգամ երբ երեխան հիվանդացել է, մեծ ծես են արել և նրա անունը փոխել են»,- պատմում է Աշոտն՝ ակնարկելով, թե ինչքան հզոր ազդեցություն կարող է թողնել ճիշտ ընտրված անունը՝ որպես լոգոտիպ։ Այսօր հայկական իրականության մեջ հաճախ հանդիպում ենք մականունների, որոնք բնորոշում են տվյալ անձին, տեղանքը կամ պարզապես երևույթը (Պոլոզ Մուկուչ, Կռազ Վալոդ, Գառնու լավաշ, Արամուսի գազար և այլն)։
Ի դեպ, կան սիմվոլներ, որոնք մեծ էներգետիկա են պարունակում իրենց մեջ։ Ասենք` պտուղները, բույսերը շահեկան լոգոներ են դառնում կազմակերպությունների համար։ Սակայն այստեղ մի նրբություն պետք է հաշվի առնել՝ ո՞ր երկրում է գործելու լոգոն։ Օրինակ՝ ինչքան էլ մենք բանան սիրենք, միևնույն է, մեզ մոտ էներգետիկ դաշտ ստեղծում է ծիրանը: «Կարևոր են նաև կոնկրետ ազգի հավատալիքներն ու պատմությունը։ Օրինակ՝ մեզ մոտ ընդունված է հարսնացուին սպիտակ հագցնել, իսկ Ճապոնիայում սպիտակը սգո նշան է: Ուզում եմ ասել, որ ազգային բնավորության վերաբերմունք կա»,- ասում է Աշոտն՝ ավելացնելով, որ կան սիմվոլներ, որոնք կոնկրետ մեր երկրում միանշանակ էներգետիկ սիմվոլներ են։ «Ամենացայտուն օրինակն Արարատ լեռն է: Յուրաքանչյուր հայ այդ անունը լսելիս և լեռան ձևը տեսնելիս մեծ էներգետիկա է ստանում: Սա մի ամբողջ ժողովրդի հավաքական կերպար է»,- ասում է նա: Գոյություն ունեն որոշակի ազգային սիմվոլներ, որոնք ժամանակի ընթացքում դառնում են համազգային խորհրդանիշ։ Մեզ համար դրանցից են հայկական կոնյակը, դուդուկը, լավաշը, թթի օղին։ Ֆրանսիացիների համար՝ նորաձևությունը, օծանելիքը, Էյֆելյան աշտարակը, ճապոնացիների համար՝ տեխնիկան, գերմանացիների համար՝ ասենք՝ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։
«Եթե այսօր օրինակ՝ «Մերսեդես» ֆիրման լավ վաճառք ունի, դա իմ կարծիքը չէ, այլ ընդունված է կարծել, որ նրա լոգոն է աշխատում: Պատահական չէ, որ երբ «Մերսեդեսը» «Կրայսլեր» ֆիրմային միացավ, սկզբից որոշվեց միակցել երկու լոգոները։ Բայց հետո որոշեցին վերադառնալ հնին, որովհետև դա փաստացի աշխատող լոգո է»,- ասում է Աշոտն՝ ավելացնելով, որ լոգոն ոչ միայն պետք է գեղագիտական դրսևորում ունենա, այլ պետք է կարողանա ազդել մարդու ենթագիտակցության շերտերի վրա։
Լավ լոգոն ունի լավ գին, սակայն ոչ Հայաստանում։ Աշոտն ասում է, որ դա միանգամից չի լինում, թեև մեր մտածողները, դիզայներներն ու նկարիչները ոչնչով չեն զիջում միջազգայիններին։ «Թեպետ որպես հին ազգ՝ վաղուց ենք մոլորակի բնակիչ դարձել, սակայն քաղաքակիրթ ազգերի կողքին նոր ենք փորձում հավասարեցնել մեր հարաբերությունները,- ժպտալով ասում է նա և շարունակում,- Այսօր դրսից մեծ պատվերներ են գալիս Հայաստան։ Ուրիշ բան, որ անուններ չեն նշվում, որովհետև իրենց դա ձեռք չի տալիս: Դրսում արդեն հասկացել են, որ այստեղ կա միտք, որի դիմաց պետք չէ մեծ գումարներ վճարել, իսկ նույն բանը դրսում շատ թանկ է»։
Երբ համակարգչով նայում էինք Աշոտի պատրաստած լոգոները, նկատեցի մի առանձին թղթապանակ, որտեղ բազմաթիվ գերբեր էին պատկերված։ Փաստորեն, Աշոտը նաև ուսումնասիրում և ստեղծում է գերբեր։ «Գերբերը կամ հերալդիկան նույն լոգոների վիճակն է՝ կապված պետության, տեղանքի կամ քաղաքների հետ: Ես վաղուց եմ ուսումնասիրում Հայաստանի բոլոր մայրաքաղաքների գերբերը և տոհմանիշերը: Հիմա ես փորձում եմ ստեղծել մեր բոլոր մարզերի գերբերը, անգամ Երևանի համայնքների գերբերը: Ես ուզում եմ դա համակարգել և դարձնել մի ինստիտուտ»,- տեղեկացնում է Աշոտը: Ըստ նրա՝ այսօր աշխարհի հզոր պետությունները մեծ կարևորություն են տալիս այս ամենին՝ ստեղծելով տարբեր ինստիտուտներ, որտեղ հավաքվում են բոլոր սիմվոլները, գերբերը, զինանշանները։ Օրինակ՝ 1998թ.-ից ՌԴ նախագահին առընթեր գործում է Հերալդիկայի ինստիտուտ, որտեղ կանոնակարգվում ու պահվում է այս ամենը։ «Չնայած պատմությունը դաժան է գտնվել մեր հոգևոր արժեքների նկատմամբ, սակայն մեզ հասած զինանշանները, գերբերն իրենց մեջ խտացնում են ազգի իմաստնությունը, հզորությունն ու յուրօրինակությունը։ Տեսեք, Ռուսաստանում, Գերմանիայում յուրաքանչյուր փոքրիկ տեղանք, գյուղ ունի իր գերբը, և դրան նայելով՝ կարող ես իմանալ, թե, ասենք, որտեղ են զբաղվել գարեջրով, անասնաբուծությամբ, դեղագործությամբ,- շարունակում է Աշոտը և ավելացնում,- Ես կարծում եմ, որ մեր Հայաստանը շատ գեղեցիկ սիմվոլներ ունի, և մենք էլ կարող ենք համակարգված ներկայացնել այդ ամենը։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ռուսաստանի օրինակով՝ Հայաստանում էլ այդ ինստիտուտը կայանա»:
Պատրաստեց Անուշ Մկրտչյանը
«3 Միլիոն»