Փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նախորդող գիշերը, երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու. հանդիպելու են Մերկուրին, Յուպիտերն ու Վեներան։ Տեղեկությունը հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
«Մոլորակների միացում է կոչվում երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը՝ որպես կանոն, մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է»,– ասված է աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ։
Աստղագետները հայտնում են, որ, ի տարբերություն 2 մոլորակների միացման, 3 մոլորակների միացումները հազվադեպ և հետևաբար ավելի հետաքրքրական երևույթներ են: 2 մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, որպես կանոն` տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):
3 մոլորակների վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել 2015թ-ին։