Հայաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Երևանի կենտրոնում գտնվող շենքերում խոշոր ճաքեր են առաջացել։
Ստորերկրյա ցնցման հետևանքները Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է Երևանի Պարոնյան փողոցի խորհրդային շրջանի հինգհարկանի շենքերից մեկում։
Այստեղ բնակարաններում ճաքել են պատերը, երկրաշարժի ժամանակ ընկել են պահարանների վրա դրված իրերը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: