Այսօր՝ փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը, ինչը մեծ իրադարձություն է ընթերցասերների համար:
Եթե դեռ չես կողմնորոշվել, թե ինչ կարող ես նվիրել քեզ համար ամենաթանկ ըներցասերին, առաջարկում ենք ծանոթանալ դերասանուհի Անուշկա Մարգարյանի՝ 3 ամենասիրելի գրքերի ընտրությանը, որով ընթերցասեր դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
«Առաջինը կառանձնացնեմ Մացուո Մոնրոի «Սովորեցրու ինձ մահանալ» գիրքը: Սա շատ հետաքրքիր, միստիկ ստեղծագործություն է, իսկ ես շատ եմ սիրում ամեն ինչ, ինչը կապված է միստիկայի հետ: Մի շնչով կարդացվող գիրք է, որի ամեն պահն ապրում ես:
Հաջորդը՝ Ուիլյամ Յանգի «Խրճիթը»՝ հանդիպում Սուրբ Երրորդության հետ: Այս գիրքը խորհուրդ եմ տալիս, որ բոլորն ընթերցեն, քանի որ այն շատ հարցերի պատասխաններ է տալիս, շատ բան կյանքումդ տեղն է ընկնում, անգամ, երբ հարազատ մարդու ես կորցնում ու հարցնում՝ ինչո՞ւ: Գրքում կգտնես հարցիդ պատասխանը:
Նաեւ շատ եմ սիրում Վադիմ Զելանդի բոլոր 5 հատորները ու, ժամանակ առ ժամանակ, վերընթերցում եմ դրանք. մեկ անգամով, հաստատ, չես սահմանափակվի»:
Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ այսօր: Նա առանձնացրել է Ջես Քիդի Things in Jars/ «Смерть в стекле» գիրքը: