Սուրճը կարող է վտանգավոր լինել սրտի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սուրճը կարող է վտանգավոր լինել սրտի համար. հետազոտություն

Սուրճի հաճախակի օգտագործումը (օրական 6 բաժակ կամ ավել) մեծացնում է լիպիդների պարունակությունն արյան մեջ, ինչը զգալի մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Nutrition ամսագրում:

MedicalXpress-ը պատմում է, որ հետազոտությանը մասնակցել է 37-ից 73 տարեկան 365 571 մարդ: Հեղինակներն ուսումնասիրել են գենետիկ եւ ֆենոտիպային կապերը սուրճի օգտագործման եւ արյան մեջ խոլեստերինի եւ ճարպերի մակարդակի միջեւ, որոնք սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն են համարվում: Միեւնույն ժամանակ, սուրճի հատիկները կաֆեստոլ են պարունակում, որը բարձրացնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

Ֆիլտրված եւ լուծվող սուրճը շատ քիչ է կաֆեստոլ պարունակում կամ ընդհանրապես չի պարունակում, ուստի կարող է պակաս վտանգավոր լինել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ կապը ոչ միայն դրական է, այլեւ կախված է չափաբաժնից, այսինքն` որքան շատ է մարդը սուրճ խմում, այնքան մեծ է սրտի կաթվածի եւ ինսուլտի հավանականությունը:

Նշենք, որ Circulation: Heart Failure ամսագրում հրապարակված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար եւ դրական ազդել սրտի անբավարարության ռիսկի վրա:

Իսկ Cerebral Cortex ամսագրում հրապարակված հոդվածում նկարագրված հետազոտությունը ցույց է տվել, որ կոֆեինի կանոնավոր օգտագործումը փոխում է ուղեղի գորշ նյութը:

news.am