Նա նկատեց, որ շատ դեպքերում ծնողն ուզում է, բայց չի կարողանում, չգիտի՝ ինչից սկսել, ինչից խոսել, ինչ ձևաչափով, ծավալով և չի գտնում այն բանալիները, որոնց օգնությամբ ինքը կփորձի բացել այդ կողպեքները: Նրա խոսքով՝ ծնողները պետք է այդ հարցերում ակտիվ լինեն, դիմեն ոչ միայն գրականությանը, այլև մասնագետներին, իմանան, թե ինչ ասեն իրենց երեխաներին, կամ երեխաների հետ գնան մասնագետի մոտ:
«Շատ մեծ նշանակություն ունի, թե քանի տարեկան է երեխան, որովհետև ամեն տարիքում ինֆորմացիայի ծավալը փոխվում է՝ ինչ ասել, ինչպես ասել և ինչքան ասել: Եթե ամաչում և կոմպլեքսներ կան խոսելու, կարող են դիմել մասնագետի օգնությանը, որպեսզի մասնագետն անհրաժեշտ ծավալով մատուցի այն ինֆորմացիան, որը պետք է»,- նշեց բժիշկը:
Հարցին՝ ո՞ր տարիքից կարելի է սկսել երեխայի հետ խոսել այդ թեմաներով, Վ. Շահրամանյանը պատասխանեց, որ երբ երեխան արդեն սկսում է տալ իրեն հուզող հարցերը՝ ինչպես է ինքը լույս աշխարհ եկել և այլն, այդ ժամակվանից էլ արդեն կարելի է խոսել այդ մասին՝ իհարկե հաշվի առնելով տարիքը, որպեսզի ինֆորմացիան չվնասի նրան՝ շատ պարզ մատչելի, պրիմիտիվ օրինակներով:
«Համենայն դեպս ո՛չ արագիլի, ո՛չ էլ կաղամբի, ոչ էլ այլ տեսակի հեքիաթի տարբերակներով: Նախ կարելի է ասել, որ երեխան դուրս է եկել մոր փորիկից, ոչ մի թռչուն, ոչ մի արագիլ նրան չի բերել՝ «դու մեծացել ես փորիկում, դուրս ես եկել փորիկից», որպեսզի երեխան դա պատկերացնի: Հետո երեխան բավարարվելով դրանով՝ որոշ ժամանակ անց արդեն կարող է հարցնել, թե «իսկ ինչպես եմ ես այնտեղ հայտնվել»: Այդ ժամանակ արդեն պետք է երեխային բացատրել, որ երբ երեխան մեծանում է, ինչպես հիմա է խաղում, խաղերի բնույթը փոխվում է, և մեծերի խաղերի արդյունքում առաջանում է երեխան՝ հայտնվելով մոր փորիկում»,- պարզաբանեց սեքսոպաթոլոգը:
Նա նշեց, որ արդեն սեռահասուն տարիքում, երբ երեխան դառնում է 12-13 տարեկան, ծնողները պետք է արդեն զրուցեն իրենց երեխաների հետ՝ աղջիկներին նախապատրաստելով առաջին դաշտանին, մանրակրկիտ բացատրելով, խոսելով այդ մասին. «Տղաների հետ, ցանկալի է, որ հայրը խոսի, կամ ավագ եղբայրը: Ցանկալի է, որ աղջկա հետ խոսի մայրը, իսկ տղայի հետ խոսի հայրը, որպեսզի երեխան այդ ինֆորմացիան փողոցից վուլգար ձևով չվերցնի»: