Հայաստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է թե՛ H3 ենթատեսակի գրիպ, թե՛ կորոնավիրուս: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:
Բոլոր երեք պացիենտներն այս պահին բուժման մեջ են, եւ, մասնագետի խոսքով, նրանց վիճակի մասին այս պահի դրությամբ դեռ վաղ է որեւէ բան ասել:
Ռոմելլա Աբովյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանում գործում է սուր շնչառական վարակների եւ գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգ, որի շրջանակում գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնի ընթացքում դետքային կետերից, այսինքն ընտրված բժշկական հաստատություններից ստացվում են նմուշներ, որոնք հետազոտվում են լաբորատորիայում՝ երկրում շրջանառող շտամները բացահայտելու համար:
Ըստ այդ հետազոտությունների՝ այս տարի Հայաստանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը: Ավելին՝ արդեն հայտնաբերվել է երեք պացիենտ, ում մոտ գրիպի H3 ենթատեսակով վարակումը ուղեկցվում է կորոնավիրուսային վարակով:
«Եթե մարդը միանգամից վարակվում է ե՛ւ գրիպով, ե՛ւ կորոնավիրուսով, հիվանդությունների կլինիկական ընթացքը կարող է ավելի ծանր լինել՝ ինչ մեկ վիրուսի դեմ պայքարի օրգանիզմը, ինչ երկու վիրուսի: Այդ իսկ պատճառով կցանկանայի հորդորել բնակչությանը մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը գոնե գրիպի դեմ պատվաստվել: Գրիպի դեմ պատվաստանյութերը առկա են, գործընթացը՝ անվճար», – նշեց մասնագետը: