(Մենախոսություն նկարչի հետ)
Երբ փոքր էի, մեծ ուրախություն էր, որ ամբողջ օրը մորս հայրական տանը խաղում էի քեռուս երեխաների հետ և դեռ գիշերն էլ մնում էի այնտեղ: Սիրում էի քնել հյուրասենյակի չոր բազմոցին: Այնտեղ պատին կախված էր փայտե շրջանակով մի գեղանկար: Մինչ քունը կհաղթեր, երկար նայում էի պատկերներին, մտքով մտնում նկարի մեջ, գնում հաստ վրձնահարվածներով պատված ճանապարհով…
Տարիներ անց՝ մի առավոտ, քեռիս մեր տուն բերեց խնամքով փաթեթավորված այդ նկարն ու մորս ասաց. «Ճիշտ կլինի, որ սա լինի քո տանը. ի վերջո, հեղինակը քեզ է նվիրել»: Մայրս ապարդյուն առարկեց՝ ասելով, թե մոտ հիսուն տարի այն կախված է եղել իրենց տանը, թե բոլորը սովոր են տեսնել այն իր մշտական տեղում, ինչո՞ւ տեղափոխել: Այդ ժամանակ էր, որ երկար ընդմիջումից հետո նայեցի նկարին արդեն հասուն մարդու աչքերով: Միջին չափի յուղանկար է. ամառվա տապ, նեղլիկ փողոցում՝ պատի տակ, երկու ծեր կնոջ ֆիգուր, փողոցի շարունակության վրա՝ հարթ կտուրով քարե ցածր շինություն, խոտի դեզեր, իսկ հեռվում՝ Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցին: Պատկերի դետալներն ու գույները ինձ վերադարձրին դեպի մանկություն, հիշեցրին մոռացված մանրամասներ: Հասկացա, որ այդ նկարը իմ մանկության խորհրդանիշերից մեկն է: Նկարի վրա ու հետևում չկար ո՛չ վերնագիր, ո՛չ ստորագրություն: Ես այն անվանեցի «Փողոց Աշտարակում»: Տեսնելով հիացած հայացքս՝ մայրս ասաց, որ հեղինակը Ռուբեն Ադալյանն է՝ իր ուսանողական տարիների ընկերներից, նկարն իրեն է նվիրել հիսունական թվականներին, երբ իրենք պատանի էին: Ավելացրեց, որ Ադալյանն այժմ մեծ հռչակ վայելող նկարիչ է:
Սկսեցի հետաքրքրվել նկարչի արվեստով, հիացա նրբաճաշակ գույներով, թեմաների բազմազանությամբ, որոնք միաժամանակ և՛ մոդեռն են, և՛ այնքա՜ն ազգային, նաև միջազգային: Զարմացա, որ նկարիչը կարող է ստեղծել ոճային բազմազանություն ունեցող գործեր՝ բոլոր պարագաներում ապահովելով նույն հանճարեղ կատարումը: Ութսունականներին Ադալյանը մորս նվիրել էր շատ ավելի փոքր չափի մեկ այլ կտավ ևս: Սա արդեն մոդեռնիստական գործ է. կապտամոխրագույն ֆոնին՝ չորս նռան սև ուրվագծեր, որոնց վրայով տարված են դեղին և մուգ կարմիր լայն գծեր: Ժամերով կարող եմ նայել այդ նկարներին՝ առանց հագենալու: Կարծում եմ՝ մեծ բախտավորություն է, որ մայրս անձամբ ճանաչել է նկարչին: Միշտ հիացմունքով է պատմում նրա մասին. բացառիկ ընտանիք են՝ բոլո՛րը տաղանդավոր: Ուրախ եմ, որ իր նկարները նվիրել է մորս, և մենք կարող եք դրանք անվերջ վայելել. դժվար թե երբևէ կարողանայինք նրա գործերից գնել:
Մի երեկո աշխատանքից եկա տուն և իմացա, որ Ռուբեն Ադալյանն այդ օրը եղել է մեր տանը, նաև վերջապես մակագրել «Փողոց Աշտարակում» նկարը: Շատ վրդովվեցի, որ ինձ չէին ասել նրա հնարավոր այցելության մասին. ես ամեն գնով կաշխատեի այդ պահին տանը լինել: Բայց ես ոչ մեկին չէի էլ պատմել Ադալյանին հանդիպելու իմ երազանքի մասին և պատժվեցի՝ իմ մտքերն ու զգացմունքները մշտապես ներսումս պահելու պատճառով:
Այս ամառ եղա Աշտարակում: Անցնում էի քաղաքի ներս ընկած փողոցներով, որոնցում մոտ հարյուր տարվա հնության տներ էին: Ուրախացա՝ անդրադառնալով, որ դրանց ճիշտ նմանները Ադալյանը պատկերել է մեր տան նկարում: Նույն կլորավուն քարերով պատերի շարվածքը՝ արանքներում տախտակի շերտ, տների փայտե դարպասներն ու տաք ամառվա ադալյանական երկնագույն երկինքը:
2019 թվականի հունիսն էր: Ամուսինս զանգահարեց ու ասաց, որ շատ վատ բան պիտի հայտնի: Պատմեց, որ երկու ժամ առաջ ծանր վիճակում իրենց հիվանդանոց են բերել Ռուբեն Ադալյանին: Եվ… չեն կարողացել փրկել: Դժվար է ասել՝ ինչ ապրեցի, հոգիս տակնուվրա եղավ: Մեծ արվեստագետին հանդիպելու իմ վաղեմի երազանքն առհավետ կորավ:
Վերջին հրաժեշտը տալիս մտովի խոսեցի հետը, ասացի այն ամենը, ինչ կուտակվել էր իմ մեջ տարիներով. թեև ինձ չի ճանաչում, բայց ես իրեն շատ լավ գիտեմ, միշտ մտածել եմ իր մասին, թեկուզ նկարը նվիրել էր մորս, բայց այն պարգև է ի՛նձ համար, նկարի միջոցով ինքն ակամա ինձ հետ է եղել իմ կյանքի բոլոր փուլերում, դարձել հարազատ, իր ձեռքով արված գծերը, կորերը, լույս ու ստվերի լուծումները, ուրվագծերն ու պատկերները, տաք, հայկական գույները, միշտ աչքերիս առաջ լինելով, ձևավորել են իմ գեղագիտական ճաշակը:
Այդ երեկո նորից նայում էի նկարին, փորձում հասկանալ, թե ո՞ր գույնն է աչքիս ու հոգուս հատկապես հաճելի: Կապույտը, մուգ կապույտը… չէ՛, չէ՛… դարչնագույնը կամ… կարմիր աղյուսը: Ո՛չ, միանշանակ՝ մուգ կապո՛ւյտը: Պատկերացրի, որ կանցնեն շատ-շատ տարիներ, բայց մի բան իմ կյանքում հաստատ կմնա անփոփոխ՝ այս լուսավոր նկարի ջերմ ու խաղաղ էներգիան, կոլորիտն ու նրբագեղությունը. դրանք վստահաբար կմնան ինձ հետ մինչև վերջ… կմնան իմ մեջ:
Արմինե Տեր—Ղևոնդյան
Կտավի լուսանկարը՝ Լուսինե Դավթյանի