Հայաստանի բնակչությունը 1926-ին. ԽՍՀՄ առաջին մարդահամարը
Advertisement 1000 x 90

Հայաստանի բնակչությունը 1926-ին. ԽՍՀՄ առաջին մարդահամարը

1922-ի մարտին Խորհրդային Հայաստանը անմիջական հարևանների՝ Խորհրդային Վրաստանի և Խորհրդային Ադրբեջանի հետ, Լենինի և Ստալինի ցուցումով, միավորվեցին Անդրֆեդերացիայի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միության մեջ:

1922-ի դեկտեմբերի 30-ին Անդրֆեդերացիան ձևավորվող ԽՍՀՄ-ի մաս կազմեց, այդպիսով՝ Խորհրդային Հայաստանը կցվեց ԽՍՀՄ-ին: Անդրֆեդերացիայի վարչական կենտրոնը Թիֆլիսն էր: Մինչև 1936-ը Խորհրդային Հայաստանը Անդրֆեդերացիայի կազմում էր մաս կազմում ԽՍՀՄ-ին, իսկ 1936-ին, երբ երեք հանրապետությունների դաշնությունը լուծարվեց, Հայաստանը որպես միութենական հանրապետություն շարունակեց մնալ Խորհրդային Միության կազմում ընդհուպ մինչև 1991-ը:

1897-ի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը գրեթե ճշգրիտ պատկերը տվեց, թե որքան է հայերի թիվը Երևանի նահանգում, Անդրկովկասում և Ռոմանովների դինաստիայի կայսրության ամբողջ տարածքում: Սակայն այդ մարդահամարը առաջին հերթին ճշտում էր ոչ թե ազգությունը, այլ կրոնը: Այսպես, հայերը դասակարգվել են հայ լուսավորչական և հայ կաթոլիկ համատեղ խմբում: Մյուս խմբերն էին պրովոսլավները, այսինքն՝ ուղղափառները, իսլամ տարրը և մյուսները՝ բողոքական, աղանդավոր, եզդի և այլն:

1926-ի դեկտեմբերի 17-ի մարդահամարը ազգության ճշտման հենքով է անցկացվել: Հատ-հատ նշված են Խորհրդային Հայաստանի բոլոր բնակավայրերը, այդ բնակավայրերի բնակչության ընդհանուր թիվը և բոլոր ազգերը: Այս մարդահամարից հետո՝ 1920-ական թթ. երկրորդ կեսին, Խորհրդային Հայաստանի սահմանները փոքր-ինչ փոփոխություններ են կրել:

Մասնավորապես, Ադրբեջանից Հայաստանին են միացվել երեք գյուղեր՝ Նյուվադի, Երնաձոր և Թեղուտ, որոնք կցվել են Մեղրիի շրջանին: Դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանի Զանգելանի շրջանին է փոխանցել երկու բնակավայրեր Կապանի շրջանում՝ Աղքենդը և Ղարաբաբան:

Հետևաբար, երբ մենք համեմատում ենք Խորհրդային Հայաստանի մարդահամարի տվյալները հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» կոթողային  աշխատության մեջ ներկայացված թվերի հետ, չնչին տարբերություն է տալիս: Դրա պատճառն այն է, որ Կորկոտյանը հատորն ավարտել է 1932-ին և դրանում ներառել Հայաստանին կցված երեք գյուղերի բնակչությունը:

Այսպես, ԽՍՀՄ 1926-ի մարդահամարի տվյալներով, Խորհրդային Հայաստանի բնակչությունը 880 464 է, որից 743 571-ը հայեր են: Կորկոտյանի հատորում 1926-ի Հայաստանի բնակչության թիվը նշված է 881 300 մարդ:

Հայաստանի ամենամեծ քաղաքը, ինչպես 1922-ին, Երևանն էր 64 649 բնակիչներով, որից հայեր էին 57 295-ը: Երկրորդ մեծ ազգությունը թուրքական խումբն էր՝ թաթարները, իմա՝ ադրբեջանցիներ, օսմանյան թուրքեր և կարափափախներ՝ 4 968: Երրորդը ռուսներն էին՝ 1 127 հոգի, չորրորդում՝ պարսիկները՝ 360 հոգի, որոնցից 141-ը ԽՍՀՄ քաղաքացիներ էին, իսկ 219-ը՝ օտարահպատակ: Պարսիկների ներկայությունը 1926-ին Երևանում և Խորհրդային Հայաստանի տարածքում զարմանալի չէր, քանի որ այս շրջանում ԽՍՀՄ-ի և Իրանի միջև երկաթյա վարագույր դեռ չկար: Բացի այդ, Արևելյան Հայաստանը շուրջ 300 տարի և մինչև 1828-ը մաս էր կազմել Սեֆյան Պարսկաստանի՝ բաժանված լինելով երկու խանությունների՝ Երևանի և Նախիջևանի:

Երևանում 1926-ին, բացի հայերից, թուրքերից, ռուսներից ու պարսիկներից, բնակվում էր ևս 24 ազգություն, այդ թվում՝ վրացի, ասորի, ուկրաինացի, հրեա, լեհ, գերմանացի, քուրդ, բելառուս, հույն, եզդի, ֆրանսիացի, ուդի, անգամ՝ ֆինն ու շվեդ և այլ ազգեր:

Խորհրդային Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը 1926-ին Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլն էր, այսօրվա Գյումրին: 42 313 բնակիչներից հայեր էին 37 520-ը, ապա գալիս էին ուկրաինացիները՝ 1 883, ռուսները՝ 1 746, լեհերը՝ 610, հրեաները՝ 126, հույները՝ 109, թուրքերը՝ 54, վրացիները՝ 44, եզդիները՝ 39, ինչպես նաև 182 հոգի այլ ազգություններ:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեծությամբ երրորդ քաղաք է դառնում Ղարաքիլիսան, որը մի քանի տարի անց պետք է վերանվավեր Կիրովական: Այսպես, 1926-ից հետո անցկացված ԽՍՀՄ և արդեն անկախ Հայաստանի բոլոր մարդահամարներով և գրեթե հարյուր տարի շարունակ խոշորագույն երեք բնակավայրերը մնացին անփոփոխ, ըստ հերթականության՝ Երևան, Լենինական, այսօր՝ Գյումրի, և Կիրովական, այսօր՝ Վանաձոր:

1926-ին Ղարաքիլիսան դեռ գյուղ էր և ուներ 8 640 բնակիչ, որից 8 462-ը՝ հայ, 36-ը՝ թուրք, 142-ը՝ այլ:

Նոր Բայազետը, այսօրվա Գավառը, որ շուտով պետք է դառնար Կամո և քաղաքի կարգավիճակ ուներ, մեծությամբ չորրորդն էր՝ 8 447 բնակիչներով, որից 8 408-ը՝ հայ, 15-ը՝ թուրք, 24-ը՝ ռուս:

Հինգերորդը Վաղարշապատն էր 8 436 բնակիչներով, որից 8 359-ը՝ հայ, 6-ը՝ թուրք, 71-ը՝ այլ:

Դիլիջանը վեցերորդն էր 6 464 բնակիչներով, որից 5 768-ը՝ հայ, 658-ը՝ ռուս, 38-ը՝ թուրք:

Ստեփանավանում բնակչության թիվը 4 970 էր, որից 4528-ը՝ հայ, 18-ը՝ թուրք, 424-ը՝ այլ:

Աշտարակում բնակչության թիվը 4 853 էր, որից 4 838-ը՝ հայ, 1-ը՝ թուրք, 14-ը՝ այլ:

Այսօրվա Վարդենիկ գյուղը Սևանի ավազանում, որ կրում էր Գյոզալդարա անունը, ուներ 4 693 բնակչություն, բոլորը հայ, բացի 1-ից, որ ռուս էր:

Տասներորդ խոշոր բնակավայրը Ալավերդու շրջանում Օձունն էր, որ կրում էր Ուզունլար անունը՝ 4 288 բնակիչներով, որոնցից 5-ը ռուսներ էին, մյուսները՝ հայեր:

1926 -ին Խորհրդային Հայաստանում 4000-ից ավելի բնակչություն ունեցող ևս երկու բնակավայր կար. Սարուխանը Սևանի ավազանում ուներ 4 024 հայ բնակչություն և Վորոնցովկան, որ դարձավ Կալինինո, իսկ այսօր Տաշիր անունն է կրում: Վորոնցովկան Խորհրդային Հայաստանի ամենամեծ ռուս բնակչություն ունեցող բնակավայրն էր և այդ առումով գերազանցում էր Երևանին ու Լենինականին: Վորոնցովկայի 4 042 բնակիչներից հայեր էին 219-ը, թուրքեր՝ 26-ը, իսկ 3 797-ը ռուսներ էին:

Գրեթե 4 000 բնակչություն ուներ նաև Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի ամենամեծ կաթոլիկ բնակավայրը՝ Շահնազարը Վորոնցովկայից ոչ հեռու՝ հայ-վրացական սահմանի մոտ: Այսօր Մեծավան անունը կրող գյուղն ուներ 3 992 բնակչություն:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, ԱՆԻ կենտրոն

aniarc.am