Երեխաները եւ դեռահասները կորոնավիրուսային ինֆեկցիան զգալիորեն թեթեւ են տանում, բայց նրանց մասնակցությունը համաճարակային գործընթացին չափազանց թերագնահատված է, կարծում են գիտնականները: Իրականում երեխաներն ու դեռահասները, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով ավելի հաճախ են վարակվում, քան տարեցները:
Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են 2020 թվականի ամռան շրջանում ԱՄՆ 6 նահանգներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի վիճակագրությունը, որտեղ նկատվել է COVID-19-ով հիվանդացության կտրուկ աճ՝ ավելի բարձր մակարդակում հետագա կայունացմամբ:
Այս նահանգներում 10-ից մինչեւ 24 տարեկան դեռահասների եւ երիտասարդների շրջանում կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածվածությունը ավելի մեծ է եղել, քան 60-ն անց տարեցների շրջանում: Այսպես՝ Ֆլորիդայում եւ Յուտայում վարակվել էր 15-24 տարեկան բնակիչների 2,2 տոկոսը, մինչդեռ 65 տարեկանից սկսած տարիքային խմբում հիվանդացածների մասնաբաժինը կազմել է ընդամենը 1,1 տոկոս:
Գիտնականների խոսքով՝ այս երեւույթն առաջին հերթին բացատրվում է այն հանգամանքով, որ սոցիալական շփումները դեռահասների շրջանում ավելի շատ են, քան տարեցների. նրանք ավելի հաճախ են հավաքվում ընկերախմբով եւ հաճախում հանրային վայրեր: Դրանից բացի, դեռահասների մեծամասնությունը համոզված է, որ իրենց համար կորոնավիրուսը վտանգավոր չէ, ուստի կանխարգելման միջոցառումների պահպանմանն ավելի անփույթ են վերաբերվում: Մինչդեռ ավագ տարիքի մարդիկ ավելի շատ են մտահոգվում իրենց առողջության համար, հետեւաբար ջանում են կատարել առողջապահության մարմինների բոլոր հանձնարարականները: