SARS-Cov-2 կորոնավիրուսը մեծ վտանգ է ներկայացնում 65 տարեկանից բարձր մարդկանց համար: Մինչ վերջերս համարվում էր, որ դրա պատճառն այն է, որ տարեց մարդկանց մոտ իմունիտետը թույլ է եւ բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ կան: Սակայն այժմ ավստրալացի հետազոտողները ենթադրել են, որ այս խոցելիության պատճառը կարող է լինել տարեցների իմունային պատասխանի «համակարգային սխալը»:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ այսօր գոյություն ունի կորոնավիրուսի 4 տեսակ, որոնք անընդհատ շրջանառվում են բնակչության շրջանում եւ առավել հաճախ են սուր շնչառական հիվանդությունների ախտանիշներ առաջացնում: Հոլանդիայում անցկացված հետազոտության համաձայն՝ միջին վիճակագրական մարդը կյանքի ընթացքում 3-17 անգամ կարող է կորոնավիրուսային վարակների ենթարկվել: Եվ որքան մեծ է մարդը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա արդեն բազմիցս հանդիպել է այդ վարակներին:
Գիտական համայնքում բազմիցս բարձրացվել է հարցը, որ նախկինում փոխանցված կորոնավիրուսային վարակները կարող են խաչաձեւ իմունիտետ ստեղծել, այսինքն՝ SARS-Cov-2-ից մասնակի պաշտպանություն ստեղծել: Պիտեր Դոհերտիի ինֆեկցիաների եւ իմունիտետի ինստիտուտի գիտնականները նոր վարկած են առաջ քաշել. միգուցե SARS-Cov-2-ի հետ հանդիպման ժամանակ տարեց մարդու իմունային համակարգը սխալմամբ այն սովորական սեզոնային կորոնավիրուս է համարում եւ «չի հասկանում», որ դա վտանգավոր է:
Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են հակամարմինների մակարդակը սեզոնային կորոնավիրուսների եւ SARS-Cov-2-ի նկատմամբ 89 առողջ երեխաների, 98 մեծահասակների, 57 տարեցների եւ COVID-19- ով 50 հիվանդների արյան նմուշներում: Այդպես, գիտնականները տարեցների եւ երեխաների մոտ իմունային բջիջների մեկ այլ տարբերություն են հայտնաբերել. տարեց հիվանդների մոտ սեզոնային կորոնավիրուսների նկատմամբ ավելի «հասուն» չեզոքացնող IgG եւ IgA հակամարմինների ավելի բարձր մակարդակ է գրանցվել: Գիտնականները կարծում են, որ այս իմունային հիշողության բջիջների ընտրությունը կարող է խեղաթյուրված իմունային պատասխան տալ SARS-Cov-2-ին, քանի որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն նոր վիրուսի դեմ պայքարում: Միեւնույն ժամանակ, երեխաների մոտ իմունային համակարգն անսխալ կերպով ճանաչում է կորոնավիրուսը որպես պոտենցիալ վտանգավոր վիրուս եւ ակտիվորեն արձագանքում է SARS-CoV-2-ի հակագեներին: