Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ֆոյեից բեմ բարձրանալու համար դերասանուհի Անաիս Սարդարյանից ամիսներ պահանջվեցին: Պատերազմի առաջին օրերից ի վեր թատրոնը մոտ երկու ամիս Անաիսի և նրա կամավորական թիմի համար երկրորդ տուն էր դարձել․ միասին օգնություն էին հավաքագրում, հոգնում, հուզվում և վերապրում յուրաքանչյուր արցախցու պատմությունը լսելիս:
Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու «Կամավոր» կոչվող ներկայացման առաջնախաղին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ:
Ներկայացման ընթացքում Անաիսը հուզվեց ու հուզեց, ծիծաղեց ու ծիծաղեցրեց ներկաներին պատմելով, օրինակ, թե ինչպես են օգնություն տրամադրողներից Նարինեն և Գրիգորը, գրեթե, բաժանվել, քանի որ ինքը մարդկանց անունները լավ չի հիշում և Գրիգորի հետ խոսելիս պատմել էր Նարինեի ու Սարգսի մասին, մինչդեռ իրականում նկատի ուներ հենց Գրիգորին:) Դերասանուհին կատակեց, որ մարդկանց անունները չհիշելն իր մոտ ժառանգական է, մայրը մինչև հիմա իրենց տարիների հարևանի անունը սխալ է ասում:
Դերասանուհու խոսքով՝ ներկայացման անվան շուրջ երկար չեն մտածել, պատմություններն իրական էին, անվանումը՝ ևս: Ներկայացումը սկսվում է թատրոնի ֆոյեի համար սովորական դարձած իրավիճակով. Անաիսը վազվզում է, հրահանգներ տալիս թիմի անդամներին, հանկարծ մի ձայն հուշում է, որ պատերազմն ավարտվել է, դերասանուհին կարող է հանգստանալ: Հետո նա սկսում է պատմել անհավանական թվացող պատմություններ, որոնք, նրա հավաստմամբ, իրական են:
Ամբողջությամբ՝ tert.am