Կան ֆիլմեր, որոնք դիտելուց հետո որոշ ժամանակ անց ցանկություն է առաջանում այն ջնջել հիշողությունից՝ կրկին դիտելու համար: Մեր ժամանակների, չեմ վախենա այդ բառից, մեծագույն ռեժիսորի՝ Լարս ֆոն Թրիերի հոգեբանական թրիլլերը՝ «Տունը, որը կառուցել է Ջեքը» (2018), այդպիսի կինոնկարներից մեկն է:
Կինոնկարը պատմում է բարձր ինտելեկտ ունեցող սերիական մարդասպան Ջեքի (Մեթ Դիլոն) և վերջին 12 տարվա ընթացքում նրա կատարած ավելի քան 60 ահասարսուռ հանցագործությունների մասին: Կինոպատումը կառուցված է հինգ միջադեպերի շուրջ, որոնք Ջեքը ներկայացնում է հնարավորինս արտիստիկ և գրավիչ:
Ֆիլմը, որքան քրեական է, այնքան էլ միստիկ. միջադեպերի արանքում Ջեքը զրուցում է ոմն Վյորջի (Բրունո Հանց) հետ: Անտեսանելի Վյորջն առաջնորդում է, Ջեքը՝ հետևում: Երկու տղամարդկանց միջև զրույցի ընթացքը, որը տանում է դեպի մահ, բացահայտում է Վյորջի՝ Վերգիլիոսը լինելու հանգամանքը, որը Դանթեի «Դժոխք»-ում («Աստվածային կատակերգություն») առաջնորդում է պրոտագոնիստի հոգին դեպի Դժոխք:
Ռեժիսորական լայն տարածում ունեցող հնարքներից մեկն է՝ հակահերոսին դարձնել գրավիչ, ստանալ պատկեր, որը կստիպի հիանալ նրանով, ինչը պետք է նողկանք առաջացներ: Անդիմադրելի հմայիչ Մեթ Դիլոնի կերտած կինոհերոսի՝ Ջեքի ինքնախոստովանական պատումը նման է ինքնարդարացման, որը նա արտահայտում է գեղագիտության վերաբերյալ իր դատողություններով: Ջեքն իր սպանություններին վերաբերվում է՝ որպես արվեստի գործի: Թե ինչ ամենայն մանրամասնությամբ է վերջինս մոտենում իր ոճրագործությունների նախապատրաստմանը, և թե ինչ խնամքով է կառուցում իր «տունը», որին անդրադառնալը կլինի ոչ այլ ինչ, քան սփոյլեր, կառուցում են Ջեքի սադիստական ինքնությունը՝ հիմնված անմեկնելի, բայց հերոսի կողմից հստակորեն սահմանված գեղեցկության վրա, որն էմոցիոնալ բավարարվածության փոխարեն՝ հաղորդում է վախ ու սարսուռ, և եթե այն Ձեզ հաճույք է պատճառում, ապա շնորհավորում եմ, Դուք նույնպես սադիստ եք:
Ֆիլմը շատ հակասական է. այն արժանացել է հանդիսատեսի և կինոքննադատների՝ ինչպես հիացմունքին և գովասանքին, այնպես էլ՝ վերջիններիս սուր քննադատությանը: Կաննում կայացած պրեմիերայի ընթացքում ավելի քան 100 հանդիսատես չի կարողացել ֆիլմը մինչև վերջ դիտել: Հանդիսականներից ոմանք այն նկարագրել են՝ որպես «տանջալից»:
Տանջալի՞ց է այն, թե՞ ոչ, կարողանո՞ւմ եք մինչև վերջ դիտել, թե՞ անջատում եք ֆիլմը՝ քաղաքական լուրերին հետևելու համար, մի բան անհերքելի է. Լարս ֆոն Թրիերը կինեմատոգրաֆի խոշորագույն փիլիսոփաներից է, իսկ Մեթ Դիլոնը՝ մեր ժամանակների քամելեոն դերասաններից, որ կարողացել է մեկ կերպարում լինել գրավիչ, սարսափելի, սեքսուալ, ողորմելի, ինտելեկտուալ և անընդունելի՝ անկախ ինտելեկտից:
Անի Գաբուզյան