Չկա այնպիսի կին, ով չի բախվել մաշկի թեփոտման խնդրին: Սարսափելի է, տղամարդիկ քեզ վրա չեն նայում, դու զզվելի ես ինքդ քեզ համար: Բայց առանց խուճապի, ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ:
Այդ շրջանում դեմքի մաշկը տհաճ կերպով ձգվում է, ինչի արդյունքում էլ կարմրություն ու քոր է սկսվում: Այդպիսի մաշկը հնարավոր չէ թաքցնել կամ կոսմետիկ միջոցների օգնությամբ փակել, որքան էլ դրանք որակյալ լինեն: Բայց պետք չէ հուսահատվել, քանի որ բազմաթիվ միջոցներ գոյություն ունեն, որոնք կօգնեն ազատվել թեփոտումից:
Առաջին հերթին պետք է հասկանաք, թե ինչն է դրա պատճառը, որպեսզի հաջորդ անգամ փորձեք խուսափել դրանից: Հիմնական պատճառներից կարելի է առանձնացնել հետեւյալները.
– դեկորատիվ կոսմետիկայի սխալ օգտագործումը;
– արտաքին պատճառները (ցուրտը, արեւի ճառագայթները);
– վիտամինների պակասը;
– մաշկային հիվանդությունները;
– օրգանիզմում ջրի պակասը:
Լավ կլինի դիմել մասնագետի, ով կպարզի, թե ինչու է ձեր մաշկը թեփոտվում: Ելնելով ճիշտ ախտորոշումից՝ դուք կիմանաք, թե ինչ միջոցներ պետք է կիրառել բուժման ընթացքում: Եթե հնարավորություն չունեք մասնագետի դիմելու, կարող եք մի քանի խորհուրդների հետեւել:
Լվացվելիս օճառ մի օգտագործեք, դրա փոխարեն հատուկ մաքրող միջոցներ վերցրեք, օրինակ՝ փրփուր կամ գել:
Հրաժարվեք մաշկը չորացնող կոսմետիկ միջոցներից: Մի մոռացեք խնամել մաշկը՝ կանոնավոր մաքրելով փոշուց:
Մի պառկեք քնելու առանց դեմքից կոսմետիկան հանելու: Մաշկի ամենօրյա մաքրումը պետք է սովորույթ դառնա:
Ուշադիր եղեք ձեր մաշկի վիճակին, որպեսզի դրա վրա քերվածք ու մեծ կտրվածքներ չլինեն:
Հիշեք, որ մաշկային յուրաքանչյուր հիվանդություն կարող է թեփոտում առաջացնել: Այդ պատճառով, նման հիվանդությունների առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմեք մաշկաբանին:
Արդյունավետ շատ միջոցներ կարելի է պատրաստել՝ տանից դուրս չգալով:
Վարունգով սքրաբ
Վարունգը մանր քերիչով անցկացնել: Վարսակի փաթիլները լավ մանրացնել, ավելացնել վարունգին: Խառնուրդը թողնել 30 րոպե, հետո քսել դեմքին: Օգնում է ազատվել չափից շատ թեփոտումից:
Մեղրով լվացումներ
Դեմքը լավ լվանալ, հետո մատները թաթախել մեղրի մեջ ու մերսել մաշկը: Գործողության ավարտից հետո խոնավեցնող կրեմ քսել: Չնայած մեղրի օգտակարությանը, այն ուժեղ ալերգեն է համարվում: Այդ պատճառով, եթե դուք վստահ չեք ձեր մաշկի արձագանքի վրա, լավ կլինի մեղր չօգտագործել:
Ստեպղինով դիմակ
Մարդու մաշկի վրա ստեպղինի օգտակարությունը վաղուց է ապացուցված: 1 ստեպղինն անցկացրեք մանր քերիչով եւ լցրեք 1 ճ/գ վարսակի փաթիլների վրա, խառնեք, քսեք դեմքին:
Մաշկի ճիշտ խնամք ներսից
Կարեւոր է դեմքի մաշկի ներսից խնամքը: Երբեմն թեփոտումը վիտամինների պակասի առաջին նշանն է: Պետք է սննդակարգը բազմազան դարձնել եւ այն հարստացնել ընկուզեղենով, մրգերով, կաթով, ձվով, թարմ ձկնեղենով եւ այլն: