Մեքսիկացի գիտնականները գտել են դինոզավրի՝ նախկինում անհայտ տեսակ, որը տարբերվում է իր նմաններից գլխի կատարով: Մեքսիկայի Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի կայքի համաձայն՝ խոտակեր կենդանիները մոլորակի վրա ապրել են շուրջ 70 միլիոն տարի առաջ:
Դինոզավրի մնացորդները հայտնաբերվել են Կոաուիլա նահանգի չորացրած ջրամբարի հատակում՝ Հեներալ Սապեդա քաղաքում:
Գտածոն արդեն ստացել է Tlatolophus galorum անվանումը: Նշվում է, որ տեսակը նույնականացվել է կենդանու գանգի լավ պահպանման շնորհիվ:
Դեռ 2013-ին հետազոտողները գտել էին հիդրոզավրիդների ընտանիքի դինոզավրի պոչի մնացորդները: Այդ ժամանակվանից հնէաբանները սկսել են ծավալուն պեղումներ կատարել:
«Այս բոլոր հայտնագործություններից հետո մենք համոզվեցինք, որ կատարով դինոզավրերի նոր ցեղ և տեսակ ենք հայտնաբերել»,- ասել է հետազոտող Ֆելիսա Ագիլարը:
Փորձագետները ենթադրում են նաև, որ այս դինոզավրերը «հզոր ձայներ են արձակել գիշատիչներին վախեցնելու կամ վերարտադրողական նպատակներով»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը